Հետևեք մեզ։

Մահացած երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ` սնունդ բերելու․ մանրամասներ ողբերգական դեպքից. News.am

02:11, 09 հուլիս 2023
Մահացած երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ` սնունդ բերելու․ մանրամասներ ողբերգական դեպքից. News.am

Երեկ Արցախի Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա.Գ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր 3 և 6-ամյա երկու երեխաների դիեր։ 

 

Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ` նրանց համար սնունդ բերելու համար:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը:

«Գյուղը մոտ է գտնվում Մարտակերտին, մայրը ոտքով եկել է քաղաք, որ երեխաներին սնունդ տանի, տանը թողել է 3 տարեկան քնած երեխային ու 6 տարեկան աղջկան, բայց այդ ընթացքում երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոտքով հասնելով Մարտակերտ, մութը վրա է տվել, ու այդպես դեպքը տեղի է ունեցել»,-ասաց նա՝ նշելով, որ բնակիչները ոտքով են գնում- գալիս շրջափակման հետեւանքով վառելիք չլինելու պատճառով:

 

Ավելի վաղ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից ահազանգ է ստացվել, որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2 երեխա է հայտնաբերել: Կանչի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ.-ն ժամը 07:25-ի սահմաններում, ստուգելու նպատակով բացել է նույն փողոցում կայանված իրեն պատկանող նշված ավտոմեքենայի դուռը, որտեղ հայտնաբերել է հուլիսի 7-ից անհայտ կորած երեխաների դիերը:

Կատարված քննության շրջանակներում, ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։