Հետևեք մեզ։

Երեք անձի դանակահարություն Սիսիանում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

12:56, 10 հուլիս 2023
Երեք անձի դանակահարություն Սիսիանում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 23:00-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:00-ին, տարբեր աստիճանի ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Սիսիան քաղաքի 28, 30 և 71-ամյա բնակիչներ:


Ահազանգի հիման վրա անմիջապես ձեռնարկվել են քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են նշված անձանց մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը:


Մասնավորապես, նախնական տվյալներով, 2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սիսիան համայնքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 28-ամյա երիտասարդն իր վարած «Վազ 21043» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 72-ամյա համաքաղաքացու կողմից վարած «Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենային, որից հետո նշված հատվածում վիճաբանություն է առաջացել երիտասարդի և այնտեղ հավաքված անձանց միջև:


Վիճաբանության ընթացքում դեպքի վայր է գնացել նաև երիտասարդի եղբայրը՝ վերոհիշյալ 30-ամյա տղամարդը, որտեղ շարունակվող վիճաբանության ընթացքում հավաքվածներից մեկը խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել եղբայրներին, ինչպես նաև՝ դեպքի վայրում գտնվող և վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն՝ վերջիններիս պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածքներ: 


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով /2 դրվագ/, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 


Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավվել է տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունը, վերցվել են տուժողների հագուստները և փորձանմուշներ։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, ինչպես նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:


ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներին տրվել է հանձնարարություն:


Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: