Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
«Մենք մի շարք նամակներ ենք գրել և ստացել ենք պատասխաններ, որ ամեն ինչով ապահովելու են, ու խնդիր չունենք: Գնալու ենք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ: Նման միջոցառումը բաց թողնել չի կարելի»,-ասաց Նիկողոսյանը: Մասնագետի խոսքով` այժմ հավաքականն ունի մեկ քվոտա, բայց հույսեր կան ևս երկու ուղեգիր նվաճելու:
Անդրադառնալով Եվրոպական խաղերում մարզիկների թիմային պայքարում գրանցած արդյունքին` Նիկողոսյանը շեշտեց, որ կատարած աշխատանքի գնահատականն այն է, որ նրանք փոխչեմպիոններ և ռեկորդակիրներ են: Իսկ ինչ վերաբերում է անհատական պայքարին, ապա անհաջողությունը կապված է լավ արդյունք գրանցելու բուռն ցանկության հետ:
«Ինչ վերաբերում է միքս պայքարում լավ արդյունք գրանցելուն, ապա համադրվել են փորձառուն և քիչ փորձառնություն ունեցողը: Նրանք լրացնում են միմյանց»,-ասաց նա: Ընթացիկ ամսվա ավարտին հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանում, իսկ օգոստոսի 14-ից կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը դարձել էին Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ: Լեհաստանում կայացած Եվրոպական խաղերի հրաձգության 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հավաքելով 581 միավոր՝ նրանք զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Իտալիայի թիմն էր:
Անհատական մրցապայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը: