Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Զրինսկիին», գրում է Armsport.am-ը։
Հանդիպումից հետո կայացած հետխաղային ասուլիսի ժամանակ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է խաղի մասին։
«Իմ կարծիքով՝ պարտության արժանի չէինք։ Զգացինք Չեմպիոնների լիգայի շունչը։ Գիտեինք, որ մրցակիցն ուժեղ է ստանդարտների ժամանակ, բայց չկարողացանք հանդիպման վերջնամասում չեզոքացնել մրցակցին։ Գոլ բաց թողեցինք անկյունայինից։
Մենք չիրացրեցինք մեր մի քանի լավ պահերը։ Դա 2-րդ կեսում։ 1-ին կեսում շատ դժվար մտանք խաղի մեջ։
Մենք շատ երկար էինք հարմարվում դաշտին, մրցակցին։ 2-րդ կեսում փոփոխություններ կատարեցինք, դրանից փոխվեց խաղը և մենք վտանգավոր պահեր ունեցանք։ Այնուամենայնիվ, չկարողացանք դրական արդյունքի հասնել։
Իհարկե, սա մեր հարազատ ստադիոնն է, բայց ինչպես դուք տեսաք խոտածածկի որակը լավը չէր։ Հույս ունենք, որ մրցակցի դաշտում խոտածածկն ավելի լավ կլինի և մենք կկարողանանք ցուցադրել մեր խաղը։
Խաղին պատրաստվելու ժամանակ շատ ենք վերլուծել մրցակցի խաղը։ Մեր խաղը կառուցել էինք մրցակցից։ Չեմ կարող համեմատել «Զրինսկիին» հայկական թիմերի հետ։ Բալկանյան այս թիմի խաղաոճը լիովին տարբերվում է հայկական թիմերի խաղաոճից։
Հեշտ է վերլուծել խաղից հետո, քան հենց հանդիպման ժամանակ։
Մենք հասկանում էինք, թե ինչ կարող է տալ թիմին Արասը, բայց ընդունեցինք այն որոշումը, որը ճիշտ համարեցինք այդ պահին։
Սանոգոն հետազոտություններ կանցնի, որից հետո պատրաստ կլինի վնասվածքի լրջությունը։ Ինչպես ես հասկացա, նրա մոտ ազդրի հետևի մկանի վնասվածքն է կրկնվել։
Իհարկե, մանրամասն վերլուծելու ենք այս խաղը։ Հասկանում էինք, որ մեր թիմի ֆուտբոլիստների միջինը հասակը զիջում է մրցակցի թիմին։ Ճիշտ է, երբ գնդակը օդում էր, մենք պայքարում էինք, բայց միշտ չէր, որ հաղթում էինք այդ դրվագներում »,- ասել է 47-ամյա մասնագետը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։