Հետևեք մեզ։

Քանի դեռ պատերազմը շարունակվում է, Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի. Զելենսկի

14:32, 12 հուլիս 2023
Քանի դեռ պատերազմը շարունակվում է, Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի. Զելենսկի

Այսօր դրական նորություններ կան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթներ ուղարկելու մասին։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին։ Այս մասին Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Չնայած պատերազմի շարունակությանը, մենք շարունակում ենք բարեփոխումները բանակում և երկրում։ Շնորհակալ եմ ՆԱՏՕ-ին մեր ձեռքբերումները ճանաչելու համար»,- ասել է նա։

Զելենսկին խոսել է նաև անվտանգության երաշխիքի մասին. «Մեզ համար անվտանգության երաշխիքը շատ կարևոր է։ Այս երաշխիքը կարող են տրամադրել G7 երկրները։ Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովի արդյունքները լավն են, բայց այն օրը, երբ մենք հրավեր ստանանք, դա կլինի լավագույն արդյունքը»։

Զելենսկին խոսել է ՆԱՏՕ-ին անդամակցությունից. «Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի, քանի դեռ պատերազմը շարունակվում է մեր հողի վրա։ Բայց տրված ազդանշանները մեզ համար կարևոր են։ Որովհետեւ երկկողմ հանդիպումներում մեր գործընկերների կողմից արված հայտարարություններում որոշակիություն կա»։