ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նոր փաթեթ մտցնելու նախագիծ է դնելու շրջանառության մեջ։
Վերոնշյալի հետ կապված վերջինս նաև գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Բարև Ձեզ հարգելի ընկերներ, եկել եմ ասեմ հետևյալը՝
Առաջինը` ինչպես գիտեք «Զենքի շրջանարության կարգավորման մասին» նոր օրենքը, բազմաթիվ լավարկումներով հանդերձ, ունեցավ խնդիր, որն, ըստ էության, թույլ չէր տալիս օրենքը կիրառկել լիարժեք, և առաջին անգամ զենքի թույլտվություն ստացող մեր քաղաքացիների համար ըստ տեքստի և տեխնիկական պայմանների` փաստացի կար անհաղթահարելի խոչընդոտ:
Խոչընդոտը, ըստ էության, ստեղծվել է այն պատճառով, որ ես ու որոշ գերատեսչությունների գործընկերներ չենք կարողացել ճշգրիտ կոմունիկացիա անելով եզրահանգման գալ «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով:
Ըստ այդմ, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ և լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով, ինչի համար հայցում եմ Ձեր բոլորիդ ներողամտությունը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված կազմակերպությունների մասով ամենաբարձր մակարդակով ընթանում են քննարկումներ, և առաջիկայում որոշումներ կլինեն նաև այդ մասով: Ես խորապես համոզված եմ, որ ՌՄԿ-ի կարիքը մեր պետությունը ունի, ոչ միայն նեղմասնագիտական գործնեության շրջանակներում, այլ նաև համապարփակ առումով:
Երկրորդը` ես քննադատությանը շատ դրական եմ վերաբերում, որովհետև առանց քննադատության սխալներ գործելու հավանականությունը շատ ավելի մեծ է, ասեմ ավելին՝ ինձնից լավ, ինձ ոչ ոք չի կարող քննադատել, բայց պետք է հստակ ընկալում լինի, որ քննադատությունը պետք է միտված լինի արդյունքի, այլ ոչ զուտ «գալոչկայի» համար մտահոգություն հայտնելու՝ թե իբր տեսե՛ք, մտահոգ եմ, տեսե՛ք, որ ես ասել էի: Ինչպես նաև ես շատ հարգանքով եմ վերաբերվում օրենքի շրջանակներում պահանջատիրությանը, սակայն ընդհանրապես հասկանալի չէ, երբ դա սկսում է դառնալ որոշակի ուլտիմատումներով խոսելու ոճ, առավել ևս, երբ ձեր դեմ լուռ անանցանելի պատ չէ, այլ ձեզ ուշադրությամբ լսող մարդիկ և վստահեցնում եմ, որ չլսված մարդ չկա։ Ուշադրություն է դարձվում ցանկացած խոսքին, բայց, երբ մտնում ես ուլտիմատումի դաշտ, փաստացի, ի սկզբանե կարող ես փակել խոսակցության հնարավորությունը, էլ չեմ ասում այն մասին, որ այդ ուլտիմատումն այլ տեղերում, սեփական նկատառումներից ելնելով, կարող են փորձ անել օգտագործել, և վնաս հասցնել նրան, ինչ որ արվում է համընդհանուր շահի համար։
Երրորդը՝ եկեք հասկանանք, որ չկա մի անձ, որը գիտի ամեն ինչ, և միայն իրար հետ հետևողականորեն աշխատելով, իրար լսելով, փորձելով իրար ընկալել առանց մեծամտության դրսևորումների, կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք մեր առջև ծանրացած են։
Եվ վերջինը` վաղը Կառավարության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, նիստի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանարության կարգավորման մասին» օրենքում: Փոփոխությունը այս փուլում լինելու է միջանկյալ լուծումով, որպեսզի օրենքը կարողանանք ի վերջո աշխատացնենք: Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավարկելու և պարզեցնելու ընթացակարգերը:
Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն, հետևողական
Շնորհակալություն ուշադրության համար
Հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյան»: