Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին բժիշկներ է ուղարկել Վրաստան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հետազոտելու համար։
Այս մասին նա գրել է թվիթերյան իր օգտահաշվում:
«Մենք ընկերներին դժվարության մեջ չենք թողնում: Իմ խնդրանքով բժշկական և հումանիտար օգնության բժիշկների խումբը Վրաստանում սկսեց Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունը»,- գրել է Մորավեցկին:
Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։
2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել է Վրաստան, սակայն ձերբակալվել։
2022 թվականի մայիսին, առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ մնում է մինչ օրս։