Հետևեք մեզ։

Գագիկ Մելքոնյանը պետք է «Հ1»-ի ուղիղ եթերով հանդես գա Արթուր Վանեցյանի մասին տարածած տեղեկության հերքման տեքստով

11:46, 13 հուլիս 2023
Գագիկ Մելքոնյանը պետք է «Հ1»-ի ուղիղ եթերով հանդես գա Արթուր Վանեցյանի մասին տարածած տեղեկության հերքման տեքստով

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը Գագիկ Մելքոնյանի դեմ իմ հայցադիմումի գործով կայացրել է որոշում, որի մասին ցանկանում է կիսվել հանրության, առաջին հերթին՝ իր այն ընկերների հետ, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել էին «Հայրենիք» ջոկատին։
 
«Դեռ 2021 թ. Գագիկ Մելքոնյանն Հանրային հեռուստաընկերության եթերում իմ և իմ ընկերների պատիվն ու արժանապատվությունն արատավորող մի շարք հայտարարություններ էր արել, այդ թվում՝ մեզ մեղադրել էր ռազմի դաշտից փախուստի մեջ։
 
Դատարանն այս կապակցությամբ որոշել է, որ Մելքոնյանը պետք է «Հ1» հեռուստաալիքով՝ ուղիղ եթերի միջոցով՝ հանդես գա հերքման տեքստով։ Դատարանի վճռով նա պարտավոր է արտաբերել կոնկրետ տեքստ՝ հայտարարելով, որ իր կողմից տարածված տեղեկությունները «սուտ են և կեղծ, չեն համապատասխանում իրականությանը, դրանք ամբողջությամբ հանդիսացել են զրպարտություն»։
 
Գագիկ Մելքոնյանի և նմանատիպ մյուս զրպարտիչ հայտարարություններով փորձ է արվել ստվեր գցել իմ և ընկերներիս անձնվեր գործունեության ու բարի համբավի վրա, և չափազանց կարևոր է, որ այդ փաստն այլևս արձանագրված է նաև դատարանով։
 
ՀԳ. Դատարանը նաև վճռել է Գագիկ Մելքոնյանից հօգուտ ինձ բռնագանձել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։ Հասկանալի է, որ մեր խնդիրը ճմարտությունն արձանագրելն էր, այլ ոչ թե ֆինանսական փոխհատուցումը։ Ուստի ստացված գումարը կհատկացվի բարեգործական նպատակների»,- գրել է նա։