Հետևեք մեզ։

Շառաչուն ապտակ Աննա Վարդապետյանին ու նրա մանրախնդրությանը

12:17, 13 հուլիս 2023
Շառաչուն ապտակ Աննա Վարդապետյանին  ու նրա մանրախնդրությանը
Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության նախագահի հրամանագրով Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
 
Խոսքը նույն Արթուր Մելիքյանի մասին է, ում հանդեպ Աննա Վարդապետյանն ընդգծված բացասական վերաբերմունք ունի և այդ վերաբերմունքն իրեն բնորոշ ցածր, մանր, չնչին, բայց նենգ դրսևորումներով արտահայտելու առիթ ունեցել է։
 
Բանն այն է, որ նախորդ տարվա հոկտեմբերին՝ Քննչական կոմիտեի աշխատողի օրվա առթիվ քննիչներին պարգևատրելիս, Աննա Վարդապետյանը Արթուր Մելիքյանի անունը հանել էր Արգիշտի Քյարամյանի կողմից իրեն ներկայացված ցուցակից և նրան չէր պարգևատրել։ Արգիշտի Քյարամյանը, Վարդապետյանի այս քայլը համարելով վիրավորական, վերադարձրել էր նրա ուղարկած բոլոր մեդալներն ու խրախուսանքները։ 
 
Հատկանշական է, որ հենց Վարդապետյանի այս քայլն էր նախորդ տարի դատախազության ու քննչական կոմիտեի միջև պատերազմի պատճառ դարձել։
 
Բայց ավելի հատկանշականն այն է, որ Աննա Վարդապետյանն այդ քայլին գնացել էր բացարձակապես անձնական շարժառիթով։ Նա համարում է, որ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու գործով իր ապօրինի միջամտությունը բացահայտվել է Արթուր Մելիքյանի մեղքով։
 
Սա, իհարկե, զարմանալի չէ, քանի որ պետական պաշտոնը սեփական հույզերով, սերերով ու ատելություններով վարելն Աննա Վարդապետյանին բնորոշ է։
 
 
Իսկ ահա այն,  որ Վարդապետյանի քինախնդրության ու անձնական շահերի պատճառով չխրախուսված Արթուր Մելիքյանը դրանից հետո պետական պարգևի է արժանացել, շատ բան է ասում ու լսել տալիս Վարդապետյանին հասած ապտակի ձայնը:
 
 
Ի դեպ, Քննչական կոմիտեի կայքում պաշտոնապես նշված է, թե որ կառույցների կողմից են խրախուսվել քննիչները․ ՀՀ պաշտպանության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանների համաձայն՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող ևս մի շարք անձինք պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով և հուշանվերներով: