Հետևեք մեզ։

Սուրբ Աթոռի պետքարտուղարը շիրակցի գերեվարված զինվորների հարազատներին խոստացել է իրենց խնդրանքը փոխանցել Հռոմի պապին. «Արմենպրես»

15:31, 13 հուլիս 2023
Սուրբ Աթոռի պետքարտուղարը շիրակցի գերեվարված զինվորների հարազատներին խոստացել է իրենց խնդրանքը փոխանցել Հռոմի պապին. «Արմենպրես»

Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում հուլիսի 13-ին Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ՝ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէի ձեռամբ և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի ներկայությամբ տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատարագին ներկա էին Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակը, ԱՄՆ և Կանադայի հայ կաթողիկե առաջնորդը, կաթողիկե քահանայաց դասը, հավատացյալներ։

Պատարագի ընթացքում կարդինալ Պարոլինը փոխանցեց  Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ նշելով, որ Հայաստան է եկել որպես խաղաղության բանագնաց՝ հույսով ու զորակցութամբ։ «Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն իր առաքելական օրհնությամբ կամենում է ամրապնդել ձեզ հավատքի, սիրո ու միության մեջ, որպեսզի դուք զգաք ձեզ Աստծո կողմից սիրված։

Սիրով ողջունում եմ այստեղ ներկա բոլորիդ, իմ սիրալիր ողջույնը փոխանցում եմ Հայ Առաքելական եկեղեցու և ուրիշ դավանանքների բոլոր եղբայրներին։ Յոթ տարի առաջ՝ 2016 թվականին, Ֆրանցիսկոս Պապն իր եռօրյա առաքելական ճամփորդությունը կատարեց Հայաստան՝ հանուն  Կովկասի  խաղաղության և միջեկեղեցական երկխոսության։ Նորին Սրբություն Գարեգին Բ հետ աղոթեց քրիստոնյաների միջև միության համար,  Ծիծեռնակաբերդում էլ աղոթեց Մեծ Եղեռնի՝ հայերի դեմ գործած մեծ ցեղասպանության զոհերի համար, աղոթք հնչեցրեց հայ և թուրք  ժողովուրդներ հաշտության ու Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար։ Մեր այս աշխարհը հույսի, եղբայրության կարիք ունի։ Քրիստոնյան՝ մեզանից յուրաքանչյուրը, Աստծո կողմից կանչված է Աշխարհի համար լույսի նշան լինելու»,-իր խոսքում նշեց կարդինալ Պարոլինը։

Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի պետքարտուղարը լսեց 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին և շիրակցի գերեվարված զինվորների հարազատներին՝ խոստանալով իրենց որդիների վերադարձի խնդրանքը փոխանցել սրբազան քահանայապետին։