Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է․
«10 խորհուրդ միայն (smartphone)հեռախոսային ժամանակներում ապրած դեռահասներին)՝ մի քիչ ավելի ու էն ժամանակ անհեռախոս ապրած մարդուց։
1. Երբեք, լսո՞ւմ եք, երբեք մի գրեք ու մի ուղարկեք որևէ մեկին այն, ինչը չեք ուզի մի օր հրապարակվի հանրային կերպով:
Չէ՞, որ չգիտեք ձեր պատանեկան ջրիկությունը ինչպես կօգտագործվի ձեր դեմ, ու չգիտեք ձեր ներկայիս ընկեր-ծանոթը ով կդառնա վաղը։
2. Մի նկարեք ձեր մարմնի մերկ մասերն ու մի ուղարկեք ոչ ոքի, նույնիսկ, եթե կարծում եք, թե գժի պես սիրահարված եք, շանտաժի առիթ չդառնաք:
3. Բայց, եթե հայտնվել եք վատ վիճակում, ավելի լավ է ընտանիքին դիմել ու լուծել խնդիրը, քան ավելի խորացնել ստի ու մոլորության կծիկը. որևէ սուտ մի օր դառնում է բացահայտ:
4. Մի արեք տափակ, հայհոյական կամ վիրավորական մեկնաբանություններ հանրայնորեն՝ այս կամ այն գրառման տակ, գուցե մի օր դառնաք նախարար կամ ...վարչապետ, ու...... շատ տխուր բան դառնան դրանց սքրինները։
5. Հիշեք, հիշեք այն ամենն ինչ կարող եք, որովհետև մի օր ուղղակի կարող է նստել մարտկոցը, վերանալ ինտերնետը ու ձեռքի տակ չլինի հուշարար- հեռախոսը: Իսկ ուղեղը ձերն է ու միշտ ձեզ հետ՝ լցրեք նրա հիշողությունը:
6. Նկարվեք ու փաթաթվեք, նկարեք, հարցեր տվեք ու էլի լիքը նկարեք ձեր ծնողներին, որովհետև հետո բոլոր հարցերի պատասխանները գտնելու եք նրանց մեջ: Իսկ կարոտն առնելու եք անմահացրած պահերից:
7. Անպայման անգիր իմացեք ձեզ համար ամենակարևոր մեկի համարը, որ հանկարծ, եթե լինեք մենակ, անհեռախոս ու օտարության մեջ՝ հիշեք էն միակ հեռախոսահամարը, որով կարող եք զանգել ( թեկուզ ավտոմատից) ու օգնության դիմել:
8. Ամեն ԷՓՓ ներբեռնելիս ուշադիր կարդացեք պայմանները, ձեր անձնական տվյալները սովորեք պաշտպանել հիմիկվանից...կիբեր անվտանգությունը հայրենիքի անվտանգության նման կարևոր է՝ Երկրի ու ձեր անձնային տարածքի համար:
9. Հետևեք հիգիենային. Հեռախոսային, կիբեր, սոց կայքային ու առցանց, բոլոր տեսակների հիգիենան կարևոր է՝ ինչպես, որ ֆիզիկականը:
10.Եվ վերջապես․ մի ալարեք մտածել, դատել ու հասկանալ, ոչ մի սմարթ-ֆոն կամ արհեստական բանականություն դա չպիտի անի ձեր փոխարեն, մարդը բանական էակ է։
Այն ինչ անում են բոլորը՝ դեռ չի նշանակում, որ ճիշտ են անում, գուցե լրիվ հակառակը...Եղեք ու մնացեք ինքնուրույն, բայց ոչ միայնակ՝ ձեր դժվարությունների հետ...
Հ.Գ. համալրեք ցանկը, թե բան եմ մոռացել»։