Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել կոչով․
«Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում ունենալու ենք ծանր ու անդառնալի հետևանքներ, որը մենք թույլ տալ չենք կարող, ուստի վաղվանից սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում: Այդ մասին առավել մանրամասն՝ ուղերձում:
«Սիրելի՛ արցախցիներ, աշխարհասփյուռ հայեր՝
Արցախի Հանրապետությունը 2020թ. սեպտեմբերի 27-ից լրջագույն փորձությունների մեջ է: Մեր ժողովուրդը ստիպված եղավ որերորդ անգամ ենթարկվել ջարդերի, խոշտանգումների, տարհանման ու տառապանքների: 2022թ. դեկտեմբերի 12-ից այդ ամենին գումարվեց Արցախի շրջափակումը՝ Արցախը Հայաստանին կապող զարկերակի, կյանքի ճանապարհի արգելափակումը:
Այդ օրվանից սկսած՝ Արցախի ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, պահպանել է իր դեմքն ու արժանապատվությունը: Արցախի ժողովուրդը, ստանձնելով հայրենապահպանության իր բաժին պատասխանատվությունը, աշխարհին և համայն հայությանը վերահաստատել է, որ հայրենիքում արժանապատվորեն ապրելու մեր իրավունքը անսակարկելի է, այդ իրավունքի համար արցախցին վճարել է ամենաթանկով: Կյանքի դժվարին պայմանները, սննդի պակասը, ցուրտն ու մութը չեն կարող պարտադրել մեզ հրաժարվել մեր ինքնությունից, արժանապատվությունից, սեփական ճակատագիրը տնօրինելու, խաղաղ ու անվտանգ միջավայրում ապրելու պարզագույն մարդկային իրավունքներից:
Այս փորձությունները, դառնություններն ու տառապանքները արցախցին կրել ու այսօր էլ կրում է Մայր Հայաստանի, աշխարհասփյուռ հայության ու միջազգային հանրության աչքի առաջ:
2023թ. մարտի 1-ից ես ստանձնել եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը և առաջին օրվանից սկսել ենք երկիրը նախապատրաստել ավելի ծանր ու բարդ մարտահրավերների դիմակայությանը: Թեև Արցախը գտնվում էր շրջափակման մեջ, ունեինք սահմանափակ հնարավորություններ և Արցախի ժողովրդի կարիքներ բավարարվում էին նվազագույն չափով՝ շաբաթական մի քանի անգամ ընդամենը մեկ տասնյակ բեռնատարով կազմակերպվող հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, այդուհանդերձ մենք կարողացանք նախապատրաստվել Ադրբեջանի հերթական սադրանքի դիմակայությանը՝ Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակմանը:
Այսօր 29-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, 29 օր է, ինքնաբավության բավարար մակարդակ չունեցող Արցախը ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին, 7 ամիս է՝ արցախցին ապրում է տարրական կենսապայմանների բացակայության պայմաններում, դադարեցված է Արցախ գազամատակարարումը, էներգամատակարարումը: Ակնհայտ է, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն և որքան էլ դրանք օգտագործվեն խնայողաբար, միևնույն է՝ դրանք մի օր սպառվելու են, իսկ այդ ժամանակ մենք ունենալու ենք աղետալի ու անդառնալի կորուստներ ու հետևանքներ: Խոսքը ամենևին հացի մասին չէ. բարեբախտաբար, բազմաչարչար Արցախցին կարողացել է ինքնակազմակերպվել ու իր աշխատանքով ապահովել նվազագույն կարիքները, բայց հանրության տարրական կենսագործունեության համար անհրաժեշտ մյուս պարագաների սահմանափակ քանակն ու Արցախ ներկրելու հանցավոր արգելափակումը արդեն լրջագույն սպառնալիքներ ու խնդիրներ են հարուցում:
Արցախի ժողովուրդը տևական ժամանակ է՝ ապրում է այսպիսի պայմաններում, ոմանք այդ ամենը կոչում են դիմանալ, ոմանք՝ պայքարել: Բայց ես, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, որպես կառավարության առաջնային պատասխանատուներից մեկը, որպես պետական պաշտոնյա, ուզում եմ հարցնել՝ իսկ մինչև ե՞րբ պիտի այսպես դիմանանք ու պայքարենք, երբ այլևս մարդիկ հիվանդանոցներում տարրական բուժօգնության կամ դեղորայքի բացակայության պատճառով սկսեն մահանա՞լ, երբ սովորական առողջական խնդիր ունեցող քաղաքացին զրկվի՞ կյանքից՝ բուժօգնություն ցուցաբերելու անհնարինության պատճառով, երբ մեր երեխաների առողջությունը սկսի քայքայվե՞լ՝ տարրական կալորիականությամբ սննդի բացակայության պատճառով, երբ մեր տարեցները, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները, հղիները ստիպված լինեն սնունդ կամ վիտամիններ մուրա՞լ, երբ չկարողանանք ունեցած սնունդը շրջաններ հասցնե՞լ, երբ չկարողանանք մարդկանց սովորական խմելու ջուր տա՞լ, երբ սկսենք ցրտահարված դիակներ հայտնաբերե՞լ այս կամ այն բնակարանում: Ընդամենը օրեր առաջ հայտնաբերեցինք առանց հսկողության մնացած երկու մանկահասակ երեխայի դիակ, որոնց մայրը նրանց համար սնունդ հայթայթելու նպատակով ստիպված էր երեխաներին թողնել տանը միայնակ: Մեզ, աշխարհասփյուռ հայությանը կամ առայժմ դիտորդ միջազգային հանրությանը նմա՞ն իրավիճակներ կամ տեսարաններ են պետք:
Ո՛չ, սիրելի՛ արցախցիներ, անթույլատրելի է լուռ և պասիվ վարքագծով այդ ամենին ընդառաջ գնալը: Որքան էլ դառը կամ սահմռկեցուցիչ թվա, այդուհանդերձ, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության, համայն հայության, եռակողմ հայտարարության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության լռության ու գրեթե անգործության ներքո մեզ տանում է նշածս հանգրվանը: Ես վստահաբար համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը այդ ամենին արժանի չէ և չի կարելի նրան նման փորձությունների ենթարկել: Ուստի, պետք է սթափվել ու ոտքի կանգնել:
Հարգելի՛ հայրենակիցներ, գիտեք, ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, քաղաքական մանրախնդրությամբ և շահախնդրությամբ չեմ տառապել և իմ պատկերացրած պաշտոնեական պատասխանատվությունը հենց սա է, պաշտոնատար անձը հանրության հետ պետք է լինի ազնիվ, ստանձնի պատասխանատվություն՝ առաջնորդելու ժողովրդին և ոչ թե մտածի պատասխանատվությունը որևէ մեկի վրա բարդելու կամ կիսելու մասին:
Եվ հիմա, երբ այլևս Արցախի ժողովուրդը կանգնած է ծանրագույն վտանգների առջև, երբ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ոչ միայն երաշխավորված չէ, այլև ունենք ֆիզիկական ոչնչացման օրհասական վտանգ, պետք է ոտքի կանգնել, սկսել համաժողովրդական շարժում:
Նախքան մեր հետագա քայլերի մասին խոսելը, նախ ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լրջորեն վտանգված են: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Արցախցին ապրում է Մայր Հայաստանը սրտում՝ գիտակցումով, որ Հայաստանի Հանրապետությունում ունի երեք միլիոն քույր և եղբայր: Բայց, դժբախտաբար, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախցին զգաց մենակության դառնությունը: Պատերազմից հետո արցախցիները լավ էին պատկերացնում Մայր Հայաստանի խոցելի վիճակը և բազմաթիվ հարցերում մշտապես մնացել են զուսպ, սեփական զրկանքների գնով փորձել են զերծ պահել Հայաստանի Հանրապետությունը ճնշումներից, անել այնպես, որ մենք որևէ կերպ չդառնանք Հայաստանի համար խնդիր կամ նրա վրա ճնշման գործիք, բայց արդյունքում ստացել ենք նշաձողի իջեցում, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսում կամ անորոշություն, չերաշխավորված անվտանգություն, ֆիզիկական գոյության սպառնալիքներ, քաղաքացիական անձանց սպանություններ, թիրախավորման դեպքեր: Այսինքն, այդ ամենից հետո հայ ժողովուրդը խաղաղության նշույլներ անգամ չտեսավ և հիմա, երբ վտանգված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը, պետք է վերագնահատման ենթարկենք մեր քայլերն ու հետագա անելիքները և զերծ մնանք հայկական Արցախն ու արցախահայությունը կործանման տանող քայլերից: Հիմա իրավիճակն օրհասական է առավել քան երբևէ, արցախցիները կանգնած են լրջագույն խնդիրների առաջ և պետք է օր առաջ կանգնեցնել այս աղետի ընթացքը: Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի ու հայոց պետականության համար, Արցախը միայն արցախցիներինը չէ: Ուստի, բոլորս միասին պետք է լծվենք արցախապահպան այս սուրբ առաքելությանը:
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ հայրենակիցներ, լուռ մի՛ գտնվեք, մաս դարձե՛ք Արցախում սկսվող համաժողովրդական շարժմանը, գործողություններ ձեռնարկեք Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների, Հայաստանում ներկայացված միջազգային դերակատարների առջև Արցախի ժողովրդին պատուհասած աղետի մասին բարձրաձայնելու և գործնական քայլերի մղելու ուղղությամբ:
Կոչով դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը. Հարգելի՛ քույրեր և եղբայրներ, արցախի ժողովուրդը ցեղասպանության վտանգի տակ է, ընդամենը օրեր հետո մեր ժողովուրդը կանգնելու է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև: Այս ամենը նաև ձեր լռության ու անտարբերության հետևանքն է, արթնացե՛ք ու աղաղակե՛ք, բացե՛ք բոլոր դռները և հայտարարե՛ք 21-րդ դարի ցեղասպանության մասին: Այսօր աշխարհի շատ երկրներ իրենց պասիվությունն արդարացնում են հենց ձեր վարքագծով. Ապացուցե՛ք, որ արցախցի ձեր եղբայրներն ու քույրերը մենակ չեն, նրանք անպաշտպան չեն:
Դիմում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային դերակատար Ռուսաստանի Դաշնությանը: Արցախի Հանրապետության ժողովուրդը երախտապարտ է Ռուս ժողովրդին 44-օրյա արյունալի պատերազմը կանգնեցնելու և առ այսօր իրականացվող խաղաղապահ առաքելության համար: Արցախի ժողովուրդը վստահությամբ ու հավատարմությամբ է վերաբերվել ու վերաբերվում ռուս ժողովրդին, ըմբռնումով է մոտեցել այսօր Ռուսաստանի համար ստեղծված իրավիճակին, բայց մերօրյա Արցախն ու մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի մտահոգություններ են առաջացրել արցախցիների շրջանում, մեր ժողովուրդը տարակուսանքով է հետևում լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախում ուղղաթիռներով խաղաղապահների կարիքները հոգալուն, կան մի շարք երևույթներ, որոնք ծնում են բազմաթիվ անպատասխան ու մտահոգիչ հարցեր: Բայց արդյունքում մեր խնդրանքը մեկն է՝ խնդրում ենք ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը, մարդկանց ու բեռների տեղափոխությունը: Եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում կամ անպատշաճ է կատարում իր պարտականությունները, ապա այդ ամենի հետևանքների կրողը չի կարող լինել Արցախի ժողովուրդը, և եթե պետք են դիվանագիտա-քաղաքական ջանքեր ու քայլեր, ապա դրանք պետք է գործադրել հենց այդ կողմերի պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Դիմում եմ միջազգային հանրությանը, Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ: Արցախի ժողովուրդը, 30,000 երեխաները չեն կարող լինել արևմուտք-ռուսաստան հակադրության զոհը կամ սակարկությունների առարկա-հարթակը: Սա մի խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը գերակա արժեք ճանաչելն է: Եթե Արցախի խաղաղասեր ու ստեղծագործ ժողովրդի համար այս ակնկալիքը նման է հրաշագործության սպասումի, ապա իրականում դա ոչ թե պարզամտություն է, այլ համոզվածություն, որ աշխարհն ու մարդկությունը դեռևս վերջնականապես չեն կորցրել իրենց իրական դեմքն ու դերակատարությունը: Եթե Արցախի ժողովրդին ուշադրություն դարձնելու դիմաց ենթադրվող գինը մարդկային կորուստներն ու տառապանքներն են, ապա մենք հերթական անգամ դրան արդեն շատ մոտ ենք: Մեր ժողովուրդը վերջին երեք տասնամյակում բավականին շատ կորուստներ ու տառապանքներ է տեսել, սթափվե՛ք և միջամտության հիմքեր ունենալու համար մի՛ սպասեք մարդկային կյանքերի կործանման նոր դեպքերի, կանգնեցրե՛ք գահավիժող այս արհավիրքը քանի ուշ չէ, ստանձնե՛ք մարդկության անբաժանելի մասը հանդիսացող մեր ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունը:
Մեզանից առավել՝ ոչ ոք տարածաշրջանում խաղաղություն չի կարող ցանկանալ: Ընդ որում, եթե ոմանց համար խաղաղությունը կամ դրա այլընտրանքային եղանակները քաղաքականություն են, ապա մեզ համար խաղաղությունը սեփական տանը ապրելու, երեխաներ կրթելու և դաստիարակելու պարզ, մարդկային պահանջմունքները բավարարելու հնարավորություն է:
Հարգելի՛ արցախցիներ, մենք զիջելու, լքելու Արցախ չունենք, Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն է: Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում:
Աստված պահապան լինի Արցախ աշխարհին և Արցախի ժողովրդին»: