Հետևեք մեզ։

Ուզում եմ հարց ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանին, Ռուսաստանին, ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, որ խելքի գաք, ուզում եք ամեն օր դիակնե՞ր ունենանք. Արցախի պետնախարար (տեսանյութ)

10:37, 14 հուլիս 2023
Ուզում եմ հարց ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանին, Ռուսաստանին, ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, որ խելքի գաք, ուզում եք ամեն օր դիակնե՞ր ունենանք. Արցախի պետնախարար (տեսանյութ)

Արցախում վիճակն օրհասական է: Այս մասին Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական շարժման ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այսօր բազմաթիվ համայնքներ զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից, մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ, շատերի հետ միակ կապը հեռախոսազանգն է»,- ասաց նա՝ մատնանշելով Շուշիի շրջանի բնակչությանը:

Ներսիսյանը նշեց՝ հույս ունեին, որ միջազգային հանրությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի Հանրապետությունը քայլեր կձեռնարկեն այս մահաբեր ընթացքը կանգնեցնելու համար, բայց պարզվեց, որ բոլորն ընդամենը դիտորդի կարգավիճակով կողքից հետևում են այդ ամենին:

«Հիմա ուզում եմ հարց ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանին ու Ռուսաստանին՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ուզում եք այս հրապարակում ամեն օր  մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք, ուզում եք օրեր առաջ 2 երեխաների մահվան դեպքի կրկնությո՞ւն, որ խելքի գաք։ Բավական է»,- ասաց Ներսիսյանը։

Նշենք, որ երեկ Գուրգեն Ներսիսյանը հանդես էր եկել կոչով: Կոչում մասնավորապես ասված էր.

«Հարգելի՛ արցախցիներ, մենք զիջելու, լքելու Արցախ չունենք, Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն է: Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում»: