Արցախի շրջափակումը հասել է օրհասական կետի, այլևս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը, մի ողջ ժողովրդի գլխին կախված են գոյաբանական սպառնալիքներ: Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրաարակում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նա նշեց՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին երկար չի խոսի, որովհետև 7 ամիս շարունակ ահազանգել է բոլոր բոլորին:
«Ակնկալել եմ կարեկցանք, ըմբռնում, խոսել եմ խնդրանքով, ցասումով։ Այսօր ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է»,- ասաց Ստեփանյանը և դիմեց միջազգային հանրությանը.
«Ասեք ինձ, ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ։ Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել։ Ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է։ Ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար։ Ինչպե՞ս նայեմ 20 հազար տարեցների աչքերին, որոնք օրվա հանապազօրյա հացը հայթայթելու համար անմարդկային դժվարությունների միջով են անցնում։ Ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված զոհվածի մոր աչքերին, որն ահաբեկված հայացքով նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ զավակի գերեզմանը։
Պատասխանեք ինձ, ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, ուզում եմ, որ դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում։
Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան։ Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում և նմանատիպ այլ հայտարարություններ․․․ բավ է, հերիք է, մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ անմարդկային զրկանքների է ենթարկվում»,- ասաց Ստեփանյանը։