Factor.am-ի տեղեկություններով՝ Երևանի քրեական դատարանի հեռախոսահամարների ելքային զանգերը մեկ շաբաթ է՝ պարտքի պատճառով անջատված են։ «Ձեր հեռախոսից չի թույլատրվում օգտվել՝ պարտքի պատճառով»,- հայտնում է կապի օպերատորի ինքնապատասխանիչը։ Անջատված են եղել նաև Երևանի քաղաքացիական դատարանի հեռախոսահամարները, սակայն ԲԴԽ մամուլի ծառայությունից Factor.am-ին հայտնեցին, որ այժմ քաղաքացիական դատարանի հեռախոսների հարցը կարգավորված է, իսկ քրեականի դատարանի հեռախոսների խնդիրը լուծելու համար աշխատանքներ են տարվում, արդյունքների մասին կտեղեկացնեն հավելյալ։
Նշենք, որ Երևանի դատարանի հեռախոսահամարները սպասարկում է Team Telecom Armenia ընկերությունը։ Կապի օպերատորը հնարավորություն ունի միակողմանի արգելափակելու հեռախոսազանգերը, և այս դեպքում, ըստ ամենայնի, արգելափակվել են միայն Երևանի դատարանների ելքային զանգերը, ինչը նշանակում է, որ հեռախոսահամարին զանգեր ստացվում են, բայց զանգեր կատարել հնարավոր չէ։ Երևանի դատարանում սա միակ ֆինանսական խնդիրը չէ․ աշխատակիցներն այս ամիս չեն ստացել նախորդ ամսվա՝ հունիսի աշխատավարձերը։ Նրանց հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին աշխատավարձ կստանան, ընդ որում՝ աշխատակիցներն այս խոստմանը ևս տարակուսանքով են վերաբերում։ Նշենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Երևանում գործում են քրեական և քաղաքացիական դատարաններ, քանի որ Երևանի դատարանը բաժանվել է՝ ըստ քաղաքացիական և քրեական մասնագիտացումների։ Բարձրագույն Դատական խորհրդի մամուլի ծառայությունից Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատարանների աշխատակիցների աշխատավարձերի խնդրին՝ հայտնեցին, որ դատարանների բաժանումից հետո անհրաժեշտություն է առաջացել Երևանի դատարանի բյուջեն 2 մասի բաշխելու։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։