Հետևեք մեզ։

20 անշարժ գույք, 22 մլրդ դրամ, 1,5 մլն դոլար․ Ռոբերտ Քոչարյանի, նրա կնոջ, զավակների ու նրանց ամուսինների գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց

17:11, 14 հուլիս 2023
20 անշարժ գույք, 22 մլրդ դրամ, 1,5 մլն դոլար․ Ռոբերտ Քոչարյանի, նրա կնոջ, զավակների ու նրանց ամուսինների գույքերի նկատմամբ  կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ:

 

Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝

 

  • 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում.

 

  • 2 տրանսպորտային միջոց.

 

  • Մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում.

 

  • Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր.

 

  • Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ.

 

  • Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել: