Հետևեք մեզ։

Արցախի պետնախարարը հանդիպել է խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․ ի՞նչ են խոսել կողմերը

18:17, 14 հուլիս 2023
Արցախի պետնախարարը հանդիպել է խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․ ի՞նչ են խոսել կողմերը

Այսօր Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում խաղաղ ակցիա են իրականացրել՝ Արցախի կյանքի ճանապարհի ապաշրջափակման պահանջով։
 

Artsakhpress.am-ը գրում է, որ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ներկայացնելով շարժման պահանջները, նշել է, որ Արցախի ժողովուրդը 2020 թվականի Եռակողմ հայտարարության շահառուն է, և եթե դրա կետերը երեք կողմերից ոչ մեկը չի կատարում, չի նշանակում, որ դրա հետևանքներն արցախցին պետք է կրի:

«Դրա համար ներկայացել ենք ու ամբողջ Արցախի անունից ասում ենք, որ երբ Արցախը, գտնվելով շրջափակման մեջ, ամենօրյա ռեժիմով ուղղաթիռներ են թռչում, սա ընկերական, բարեկամական, գործընկերային չէ»,-շեշտել է նա։ Այնուհետև պետական նախարարը, շարժման մի խումբ ներկայացուցիչներ, հանդիպել են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ։

Հանդիպումից հետո Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Լենցովի հետ որոշվել է, որ նրանց կողմից ամենօրյա ռեժիմով ՌԴ կզեկուցվի Արցախում տիրող իրավիճակը։ Պետնախարարի խոսքով` խաղաղապահ առաքելության հրամանատարությունն ընդունում է, որ խախտվել են 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթները։

«Պարտավորվել և ընդունել են, որ իրենք աշխատանք ունեն անելու` հումանիտար ճգնաժամը վերացնելու համար»,- հավելեց Գ. Ներսիսյանը` տեղեկացնելով, որ Ասկերանի շրջանի բնակիչները կմնան խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրի մոտ` մինչև հստակ լուծումներ չտրվեն խնդրին, իսկ շարժման մասնակիցների մի մասը վերադարձավ Ստեփանակերտ, որտեղ նույնպես վրաններ են տեղադրվել, պետնախարարի բնորոշմամբ` Արցախում ստեղծված իրավիճակի կարմիր լույսը վառ պահելու եւ համաժողովրդական շարժումը շարունակելու նպատակով։

Վերլուծական