Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր նախաձեռնվել է մոմավառություն՝ ի հիշատակ Արցախի Մարտակերտի շրջանում մահացած երեխաների։
Հիշեցնենք, որ երկու անչափահասների մայրը` Վերա Նարիմանյանը Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթին պատմել է, որ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի էր դժվարացել իր` որպես միայնակ մոր բեռը:
Մեկ ամիս առաջ էր երեխաների հետ տեղափոխվել Աղաբեկալանջ գյուղ, բայց աշխատանքը Մարտակերտ քաղաքում էր, վառելիքի բացակայության պատճառով երթուղային տրանսպորտը չէր աշխատում, նա ստիպված երեխաների հետ ոտքով ամեն օր հասնում էր Մարտակերտ` աշխատավայր: «Հուլիսի 7-ին գնացել էի խանութից ձեթ ու շաքարավազ առնելու, չկար, ասեցին` շրջվարչակազմի շենքում որպես օգնություն տալիս են շաքարավազն ու ձեթը: Գնացել եմ Վարչակազմ, ասել են հոսանք չլինելու պատճառով կեսօրից հետո են սկսելու բաժանել»:
Վերայի խոսքով` քանի որ Լեոն արդեն հոգնել էր և ուզում էր քնել, օրն էլ բավականին շոգ էր, մտածել է երեխային տուն տանի և ժամը 14:00-ից հետո, երբ կլինի հոսանք գա և ստանա օգնության փաթեթը: «Ես չէի կարող սպասել, քանի որ տանը ձեթը վերջացել էր, կարտոֆիլ էի պատրաստել, երեխաները հաց էին կերել, իսկ երեկոյան առանց ձեթի որևէ բան պատրաստել չէի կարող, գիշերը Լեոն քաղցր թեյ է խմում նոր քնում, իսկ տանը, նաև ոչ մի խանութում չկար շաքարավազ»,- պատմում է Վերան, ու անընդհատ կրկնում` ես իմ երեխաներին չէի կարող սոված թողնել, աշխատում էի ու գումարը հերիքում էր միայն սննդի համար, հաճախ պատքով էի ապրանք գնում, բայց հիմա` շրջափակման հետևանքով խանութները դատարկ են:
«Կեսօրին ուժեղ արև էր, Լեոն քնած էր, Գիտային ասել եմ` երեխային նայիր գնամ օգնությունը ստանամ, գամ: Ոտքով Աղաբեկալանջից հասել եմ Մարտակերտ ու հետ վերադարձել: Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու, որ երեկոյան հաց պատրաստեի, տղաս սրտի արատ ունի, այդ շոգ եղանակին ոտքով ինչպես տանեի հետս, եթե չկար ոչ մի մեքենա: Աղաբեկալանջի ճանապարհին են զանգել ասել երեխաները չկան, ամբողջ գիշեր ման են եկել ու առավոտյան ես իմ երեխաների դիակը տեսել եմ»:
Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում