Հետևեք մեզ։

Վիտալի Բալասանյանը բռնություն է գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել նրանց․ Արցախի դատախազություն

21:48, 14 հուլիս 2023
Վիտալի Բալասանյանը բռնություն է գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել նրանց․ Արցախի դատախազություն

2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վիտալի Բալասանյանին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վիտալի Բալասանյանի կյանքի և առողջության  համար վտանգավոր բռնություն  գործադրելու  սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության դատախազությունը։

Այնուհետև, Վիտալի Բալասանյանին խուզարկության կատարման վայրից հեռացնելու ժամանակ, տվյալ պահին նշված առանձնատանը գտնվող Ա. Բ.-ն, Վ. Բ.-ն և Գ. Յու.-ն կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել վերջիններիս և դիմադրություն ցույց տալու եղանակով  փորձել խոչընդոտել  իշխանության ներկայացուցիչների գործողություններին:

Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 13.07.2023թ. հարուցվել է  քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի  1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով /Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Վ.Բ.-ն ձերբակալված է:  Կատարվում է նախաքննություն:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը: