Հետևեք մեզ։

Անհրաժեշտ է հումանիտար օդային միջանցք ցանկացած երկրի հետ, որը պատրաստ է և կարող է օգնել. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում

11:52, 15 հուլիս 2023
Անհրաժեշտ է հումանիտար օդային միջանցք ցանկացած երկրի հետ, որը պատրաստ է և կարող է օգնել. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում

Արցախը հումանիտար աղետի իրավիճակում է գտնվում: Այս մասին ասված է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման տարածած հայտարարության մեջ:

«Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումների մատակարարումը, իսկ հուլիսի  11-ից՝ արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ծանր հիվանդների տեղափոխումը:

Այն, ինչ կատարվում է Արցախում, լիովին համապատասխանում է միջազգային իրավունքով սահմանված «հումանիտար աղետ» ձևակերպմանը: Սա իրական ցեղասպանություն է: Իրավիճակը կրիտիակական է: Մահվան նոր դեպքերը լինելու են նրանց խղճին, ովքեր տեսել, իմացել ու լռել են:

Այս ամենը կատարվում է  միջազգային հանրության աչքի առջև: Միջազգային հանրությունը լուռ է ու կույր է ձևանում: Ադրբեջանը արհամարհում և չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝  փետրվարի 22-ի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու  որոշումը,  որը վերահաստատվեց հուլիսի 6 -ին,  անտեսում է միջազգային խորհրդարանական կառույցների կոչերն ու բանաձևերը, քանի որ որևէ պատժամիջոց նրա նկատմամբ չի կիրառվում:

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն այս իրավիճակում չի կարողանում  կատարել  2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որով պետք է ապահովվի  Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ:

Այո, իրավիճակը պահանջում է դիվանագիտական, քաղաքական, բանակցային ճանապարհով լուծումներ: Բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ մենք դա արդեն չունենք:

Հենց հիմա արդեն անհրաժեշտ է անհապաղ  փրկել նրանց, ովքեր կրիտիկական վիճակում են: Հենց հիմա Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում ՝ 30 հազար երեխաներին և 20 հազար ծերերին հումանիտար աղետից փրկելու համար անհրաժեշտ է օդային միջանցք բացել` առաջին անհրաժեշտության ապրանքները տեղ հասցնելու համար։

Այսօր ադրբեջանական կողմից հայտարարություն եղավ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու մասին: Միջազգային հանրության համար միգուցե սա առաջին հայացքից կարող է նորմալ թվալ, բայց  Արցախում բոլորը շատ լավ գիտեն, թե  այս հայտարարության տակ անվտանգության առումով ինչպիսի սպառնալիքներ կան և այն ինչ ռիսկեր ու հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։

Դա մեզ համար ելք և լուծում չէ և չի կարող լինել: Դա  հենց էթնիկ զտման քաղաքականության իրագործում է:


Արցախին անհրաժեշտ է հումանիտար օդային միջանցք ցանկացած երկրի հետ, որը պատրաստ է և կարող է օգնել: Թող դա լինի որևէ երրորդ երկիր՝ իր այդ գործողությունը համաձայնեցնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ, որն Արցախի անվտանգության ապահովման պատասխանատվություն է կրում:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դիմում է  Միջազգային մարդասիրական բոլոր կազմակերպություններին՝

•  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին,
•  ՅՈՒՆԻՍԵՖ-ին,
•  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին,
•  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԴԱՅԻՆ  ՄԻՋԱՆՑՔ ԲԱՑԵԼ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ», - նշված է հաղորդագրությունում։