Հետևեք մեզ։

Ինչո՞ւ են Հայաստանում դեղերն ու վիրահատությունները շատ ավելի թանկ, քան հարևան Վրաստանում․ պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

15:48, 15 հուլիս 2023

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Հայաստանում մի շարք դեղամիջոցներ ու նաև որոշ բարդ վիրահատություններ շատ ավելի թանկ, քան մեր հարևան Վրաստանում։ Ավանեսյանն ասաց, որ այդպես ընդհանրական գնահատականներ անելը ճիշտ չէ, բայց նաև ընդունեց՝ կան դեղամիջոցներ, որ Հայաստանում են ավելի էժան, կան դեղամիջոցներ՝ Վրաստանում են ավելի էժան։ «Բայց ես Ձեզ պիտի հիշեցնեմ, որ Վրաստանը դեղամիջոցների վրա ավելացված արժեքի հարկ չունի, այսինքն՝ ի սկզբանե իրենց հարկային դաշտը թույլ է տալիս, որ դեղամիջոցներն ավելի մատչելի լինեն։ Բժշկական ծառայություններն էլ՝ կան ծառայություններ, որ այստեղ են ավելի մատչելի, կան ծառայություններ, որ այնտեղ են ավելի մատչելի»,-ասաց նախարար Ավանեսյանը։

 

Հարցին չե՞ն պատրաստվում դիմել կառավարությանը, որ Հայաստանում էլ հանեն դեղամիջոցների վրայից ԱԱՀ-ն , որ մեզ մոտ էլ մատչելի լինեն, և մարդիկ, օրինակ, քաղցկեղի բուժման թանկարժեք դեղամիջոցների համար չգնան հասնեն Վրաստան, Ավանեսյանն ասաց, որ իրենց քաղաքականությունը մի փոքր այլ է․ «Որովհետև, գիտե՞ք, երբ հարկային պարտավորությունները ներմուծելուց հետո իջեցնում ես,տարիներ հետո բարդ է հասնել գների իջեցման, դրա համար մենք ավելի շատ վերցնում ենք այլ մոտեցում, որ պետությունը պիտի մեր քաղաքացիների բժշկական օգնության և դեղորայքային ապահովության հարցերը շատ ավելի շատ վերցնի իր վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ