Արցախի Վերածննդի հրապարակում համաժողովրդական շարժման երկրորդ օրն է։ Իր ելույթում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձավ ՌԴ Արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, ասելով․
«Համոզված եմ, այսօր բոլորդ տեղեկացել եք ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, համոզված եղեք, որ այդ արձագանքը մեր համաժողովրդական շարժմանն ի պատասխան էր և ի ընդառաջումն։ Եվ համոզված եմ, որ ամենակարճ ժամկետում մենք ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ և ի վերջո կոչերն ու միջնորդությունները վեր են ածվելու գործնական քայլերի, բայց միաժամանակ, ականատես ենք լինում, որ երբեմն տրվում են մեկնաբանութուններ, հնչում են հայտարարություններ, որոնց համաձայն ՝ մենք ունենք բազմաթիվ կամ ամենատարբեր բացթողումներ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանը։ Հիմա մենք, ձեր հետ միասին, ուզում եմ հայտարարել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարգման առարկա չէ, Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքը վաստակել ու իրացրել է, Արցախի ժողովրդի ճակատագրի տերն Արցախի ժողովուրդն է և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առոչինչ է։ Թող որևէ մեկը թույլ չտա իրեն սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու սեփական ճակատագիրը տնօրինելու ազատությունը»։
Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ հետպատերազմյան շրջանում բազմաթիվ քննարկումներ են լսել ՀՀ իշխանությունների կողմից՝ նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, բայց այդ ամենից հետո այդպես էլ խաղաղություն ու բարի վերաբերմունք Արցախի ժողովրդի նկատմամբ չեն տեսել, և Արցախի ժողովուրդն իրավունք ունի հարցնելու՝ հանուն ինչի՞ են այդ զիջումները։