Ռուսաստանը թուրքական և ուկրաինական կողմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի քարտուղարությանը տեղեկացրել է, որ դեմ է Ստամբուլյան համաձայնագրերի ժամկետների երկարաձգմանը։ Առանց Ռուսաստանի մասնակցության՝ «սևծովյան նախաձեռնությունը» հուլիսի 18-ից դադարեցնում է իր գործողությունը։ Սա նշանակում է նավագնացության անվտանգության երաշխիքների չեղարկում, ծովային հումանիտար միջանցքի փակում, Սև ծովի հյուսիս-արևմտյան ջրատարածքում ժամանակավոր վտանգավոր տարածքի ռեժիմի վերականգնում և Ստամբուլում համատեղ համակարգման կենտրոնի լուծարում:
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Ռուսական կողմը նշում է, որ արևմտյան երկրները ուկրաինական պարենամթերքը դուրս բերել ցամաքային ճանապարհներով։ Ըստ երկրի ԱԳՆ-ի՝ եթե այդ երկրների համար կարևոր է «սևծովյան նախաձեռնությունը», ապա պետք է լրջորեն մտածեն գործարքով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման, ռուսական պարարտանյութերի և պարենամթերքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին։ Այս ամենի պարագայում՝ ՌԴ-ն պատրաստ կլինի վերանայել որոշումը։