ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, գրում է Еrmenihaber-ը:
«Son Dakika» լրատվական կայքում հրապարակված հոդվածում Անին ներկայացվում է որպես «Քաղաքակրթությունների օրրան», «Խաղաղության քաղաք», «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Քառասուն դարպասների քաղաք»։ Նշված է, որ Անին իր պատմաճարտարապետական գեղեցկությամբ գրավում է ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը:
Ուշագրավ է, որ հոդվածում բացահայտորեն խոսվում է Անիի հայկական լինելու մասին։ Տրվում է հետևյալ ձևակերպումը. «Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող Անին 961-1045 թվականներին ծառայել է որպես հայ տիրակալների մայրաքաղաք»։
2012թ. Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության միջանկյալ ցանկում, իսկ 2016թ. ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Հոդվածում տեղ են գտել նաև թուրք այցելուների մեկնաբանությունները։ Անկարայից ժամանած մի զբոսաշրջիկ ասում է․ «Ես եկել եմ Անկարայից, առաջին անգամ եմ այստեղ, հիանալի վայր է, բոլորին խորհուրդ եմ տալիս գալ»:
Հայաստան-Թուրքիա սահմանը բաժանող Ախուրյան (թուրք․՝ Արփաչայ) գետի արևմտյան ափին գտնվող Անին, ըստ թուրքական կայքի հրապարակման, նախկինում եղել է ռազմական խիստ արգելքի գոտի, և ոչ ոք այնտեղ այցելելու հնարավորություն չի ունեցել։ Արգելքի վերացումից հետո Անին գրավել է ողջ աշխարհի ուշադրությունը՝ դառնալով տուրիստական այցելությունների գլխավոր պատճառը Կարսում։