Արդեն տևական ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերում նկատվում է մի անհասկանալի և միևնույն ժամանակ զազրելի արշավ: Հենց այս պահին այդ արշավն իր գագաթնակետին է հասնում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնված, սովի ու համակարգված էթնիկ զտման սպառնալիքի տակ պայքարող մարդկանց թիրախավորելը, քննադատելը, ծաղրելը, ո՞ր տրամաբանության մեջ է տեղավորվում, ես ուղղակի չեմ հասկանում և հրաժարվում եմ անգամ փորձել հասկանալ: Եթե որևէ բանով չեք կարող օգնել՝ ուղղակի լռե՜ք։
Պատկերացնու՞մ եք ժամանակին Լենինգրադի բլոկադայի ժամանակ, շրջափակման մեջ հայտնված հազարավոր մարդկանց կամ նրանց ղեկավար կազմակերպիչներին ոչ շրջափակված գյուղերից և քաղաքներից իրենց հայրենակիցները քննադատեին, դատափետեին։
Անպատկերացնելի է, չէ՞...
Թշնամու կողմից սովի ու էթնիկ զտման ճիրաններում հայտնված ժողովրդին դասեր տալու շարժառիթը ո՞րն է, ի՞նչ եք ուզում դրանով ասել, ինչի՞ եք ուզում հասնել:
Եթե կարող եք մի բանով օգնել, օգնե՜ք, իսկ, եթե՝ ոչ, հեռու՜ մնացեք իրենց իրավունքների համար պայքար մղող մարդկանցից»,- գրել է Մարուքյանը: