Մասիսում գյուղացիական տնտեսություններից մեկում պետական աջակցությամբ հիմնվել է «խելացի անասնագոմ»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի հրապարակած տեսանյութում ֆերմերը ներկայացրել է ծրագրի առավելություններն ու արդյունավետությունը:
«Զրո տոկոսով վարկ ենք ստացել, կառուցել ենք անասնագոմը: Նախատեսված է 20-25 կենդանու համար»,- ասաց ֆերմերը:
Փաշինյանը նշեց՝ կարծում է այդտեղ ավելի շատ կենդանի կարող է տեղավորվել:
Նա հետաքրքրվեց՝ որքանով են հանձնում կաթը:
«Սովորաբար 280-ով ենք հանձնում, բայց հիմա մի քիչ իջել է»,- ասաց ֆերմերը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց.
«Տեսախցիկների առաջ, նույնիսկ ԱԺ ամբիոնից ասել եմ, որ «խելացի անասնագոմերի» կաթը 200 դրամից պակաս չի լինում: Դե հիմա շուկա է, դա էլ կիջնի, բայց մնացածի համեմատ բարձր է»,- ասաց Փաշինյանը:
Անասնագոմով շրջելիս՝ Փաշինյանը հարցրեց. «Էս իրենց համա՞ր է էս դասական երաժշտությունը», ֆերմերը պատասխանեց՝ այո: