ՀՀ արդարադատության նախարարության azdarar.amկայքում զետեղված ծանուցագրերի համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու կինը` Բելլա Քոչարյանը, ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը և նրա կինը` Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը և կինը` Սիրանուշ Քոչարյանը (Սիրուշո), դուստրը` Գայանե Քոչարյանն ու ամուսինը` Վիգեն Չատինյանը հրավիրվել են Դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն, ս.թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 14:30-ին։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պող. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Միաժամանակ, առաջարկվում է ներկայանալ ս/թ օգոստոսի 01-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել՝ նախապես կապ հաստատելով 010-511-651 հեռախոսահամարով»,- այս մասին ասվում է ծանուցման մեջ։