Հետևեք մեզ։

Մոտ 11 մլն դրամ՝ Մանամա գործուղման համար․ ո՞ւմ գիշերակացի համար է ավելի թանկ վճարվում

16:19, 18 հուլիս 2023
Մոտ 11 մլն դրամ՝ Մանամա գործուղման համար․ ո՞ւմ գիշերակացի համար է ավելի թանկ վճարվում

Ալեն Սիմոնյանն ու իր գլխավորած պատվիրակությունը այս տարվա մարտի 11-15 մեկնել են Մանամա (Բահրեյնի Թագավորություն), որտեղ նրանք մասնակցել են Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը, որոնք ԱԺ-ից ամենաշատ գործուղումների մեկնողներից են, ինչի մասին հրապարակումներ արվել է, որ վերջին մեկուկես ամսում չորս երկիր մեկնել, որից երկուսը՝ ԱՄՆ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը,  Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գևորգյանը, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի  արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը,  Ազգային ժողովի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը։

 

Այս կազմի հյուրանոցի համար պետական բյուջեից վճարվել է շուրջ չորս միլիոն դրամ (3 մլն 917 հազար 970 դրամ), իսկ ավիատոմսի համար՝ 5 մլն 291 հազար դրամ։ Բայց սա ամենը չէ։ Գործուղման մեկնած անձանց համար պետբյուջեից վճարվել է նաև օրապահիկ, որի վերաբերյալ տվյալներ ԱԺ աշխատակազմը չէր տրամադրել՝ հուշելով, որ օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի, այդ թվում՝ օրապահիկի վերաբերյալ չափերի մասին տեղեկություն կարող ենք ստանալ կառավարության հրապարակած համապատասխան որոշման մեջ տեղ գտած ցանկից։ Ըստ այդ ցանկի՝ Մանամա գործուղվող աշխատողների օրապահիկը մեկ օրվա համար սահմանված է 96 դոլար։ Ըստ այդմ՝ 11-հոգանոց պատվիրակությամբ չորս օրով Մանամա մեկնելու համար ավիատոմսի և գիշերակացի համար, ըստ ԱԺ-ի տրամադրած թվերի, պետբյուջեից ծախսվել է շուրջ 9,5 (9 մլն 208 հազար 970) ՀՀ դրամ, գումարած՝ 11 հոգու համար նախատեսված օրական 96-ական դոլար օրապահիկը։ Ընդ որում, նրանցից մի քանիսն ավելի վաղ էին մեկնել Մանամա, օրինակ՝ Զաբելը Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը այնտեղ են գտնվել մարտի 10-16 ժամկետով, այսինքն՝ 6 օր, Ծովինար Վարդանյանը՝ մարտի 10-15 (5 օր), իսկ Մամիկոն Մարգարյանը՝ 8 օր ժամկետով (մարտի 8-16), հետևաբար նրանց հատկացվող օրապահիկը ավելի շատ է։ Ստացվում է, որ Մանամա գործուղվածների օրապահիկը կազմում է ընդհանուր 5088 դոլար, որը կազմում է մոտ 2 մլն դրամ։ Այսինքն՝ Մանամա գործուղման համար պետբյուջեից վճարվել է ընդհանուր մոտ 11 մլն դրամ գումար։  

 

Ի դեպ, Մանամայում մեկ օրվա գիշերակացի համար, ըստ կառավարության որոշման, պետք է պետբյուջեից հատկացվի 143 դոլար։ ԱԺ-ի ուղարկած հարցման մեջ, ինչպես նշել էինք, գիշերակացի ծախսը նշված է 3 մլն 917 հազար 970 դրամ, մինչդեռ, եթե հաշվում ենք օրենքով գիշերակացի համար նախատեսված օրական 143 դոլար գումարով, ապա ստացվում է 7579 դոլար կամ մոտ 3 մլն դրամ։ Ստացվում է՝ շուրջ մեկ միլիոն դրամ ավելի գումար են հատկացրել գիշերակացի համար։ Չի բացառվում՝ պատվիրակության որոշ անդամների, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար ավելի բարձրակարգ հյուրանոցում կամ նույն հյուրանոցում ավելր բարձր դասի համար են ամրագրել, և ոչ միայն ԱԺ նախագահի համար, արդյունքում՝ օրենքով նախատեսվածից ավելի մեծ գումար են հատկացրել այս գործուղման համար։ Մեզ հայտնի դարձավ, որ օրապահիկի դեպքում գրեթե փոփոխություններ թույլ չեն տալիս, բայց հյուրանոցի դեպքում, հատկապես ԱԺ ղեկավար կազմի համար, օրենքով նախատեսվածից ավելի մեծ գումար են հատկացնում, որ գործուղման մեկնող օրենսդիրները ավելի բարձրակարգ հյուրանոցներում գիշերեն։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ