Հետևեք մեզ։

Իրավիճակը գնալով վատթարանում է, խնդիրները` խորանում, ծանր վիճակը կդառնա ծայրահեղ ծանր․ Արցախի առողջապահության նախարար

19:08, 18 հուլիս 2023
Իրավիճակը գնալով վատթարանում է, խնդիրները` խորանում, ծանր վիճակը կդառնա ծայրահեղ ծանր․ Արցախի առողջապահության նախարար

Իրավիճակը գնալով վատթարանում է, խնդիրները` խորանում: Բացի դեղորայքի խնդրից, մեծ խոչընդոտներ է առաջացնում այն, որ վառելիքի սղության հետևանքով մեր շրջանային բուժմիավորումներին չեն կարողանում արձագանքել, երբ նրանց անհապաղ օգնություն է անհրաժեշտ լինում։ Այս մասին այսօր Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրուցյում ասել է ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը։

«Այժմ վառելիքի պակասն առավել զգալի է ոլորտի համար, քան դեղորայքինը։ Շնորհակալություն եմ հայտնում Կարմիր խաչին հիվանդների եւ դեղորայքի տեղափոխումներ կատարելու համար, ավաղ, վերջին օրերին դա կրկին արգելվեց։ Յուրաքանչյուր օրը մենք ծրագրում ենք տարբեր, ամենօր մեր գրաֆիկում փոփոխություններ են լինում, ամեն օր կազմակերպում ենք նախորդից տարբեր»,- ասաց նա։

Նախարարը նշել է, որ արցախցի մասնագետները ամենօրյա կապի մեջ են Հայաստանի և սփյուռքի գործընկերների հետ, նրանց հետ անցկացնում են խորհրդատվություններ։

 
«Առաջին հայացքից, կարծեք, հեշտ է լսել 219 օր։  Արդեն ամառ է, և երբ  հետադարձ հայացք ենք  ձգում, ապա Արցախի շրջափակումը սկսվեց  ձմռան  ցուրտ օրերից` աստիճանաբար շատ խոցելի դարձնելով  առողջապահության ոլորտը` և՛ մեր բուժառուների, և՛ բժշկական անձնակազմի համար։ Բնական է, որ մենք ունենում ենք և կունենանք խնդիրներ, որոնք հրատապ   լուծման կարիք ունեն։ Բայց դրանք ամեն օր փոխվում են,  ահագնանում: Բայց կարծում եմ, որ մինչև այժմ կարողացել ենք դրանք հաղթահարել,  փորձելու ենք նաև առաջիկայում` ի նպաստ մեր բուժառուների և հանրության: Ես տվյալ պահին չեմ կարող ասել, որ բավարար վիճակում ենք գտնվում, կարելի է  ասել, որ այն  ծանր է համարվում, և այդ ծանր վիճակը կդառնա ծայրահեղ ծանր»,-ներկայացրել է Վ. Թադևոսյանը: