Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է 2023 թվականի հուլիսի 18-ին Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսին: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Միրզոյանը Ադրբեջանին մեղադրեց մի շարք անհիմն պնդումներով և ցույց տվեց, որ ինքը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ»:
«Հայկական կողմին պետք է պարզ լինի, որ Ադրբեջանը ապահովում է և հավասարապես ապահովելու է երկրում ապրող բոլոր էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը։ Անընդունելի է «ղարաբաղցիներ» ասելով՝ նկատի ունենալ միայն հայ բնակիչների իրավունքները և անտեսել այդ հողերից վտարված ադրբեջանցի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին՝ ԱԳՆ-ն կրկին Հայաստանին մեղադրել է Արցախից «զինված խմբավորումները դուրս չբերելու մեջ»:
«Անիմաստ է հայկական կողմի համար առաջ քաշել պետական սահմանի հստակություն ձեռք բերելու պայմանը և հայտարարել, որ դա է բանակցային գործընթացի հիմնական գործոնը։ Այն փաստը, որ Հայաստանը, որը վերջին երեք տարիների ընթացքում չի կատարել Ադրբեջանի արևելյան շրջաններից Նախիջևան անարգել տրանսպորտային ուղիներ բացելու իր պարտավորությունները, ցույց է տալիս, որ այս երկիրը դեռևս չի հասկանում, որ մոտ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի լավ բան չի բերել։ Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, ապա պետք է դադարեցնի կեղծավորությունն ու կեղծ մանիպուլյացիաները և կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղ գործընթացի հաջող ավարտի համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։