Հետևեք մեզ։

Դատական դեպարտամենտը կանխորոշել է այն դատավորների շրջանակը, ովքեր իրավունք ունեն առաջադրվելու որպես ԲԴԽ անդամի թեկնածու, այդպես չի կարող լինել․ դատավոր Դավիթ Բալայան

16:19, 19 հուլիս 2023
Դատական դեպարտամենտը կանխորոշել է այն դատավորների շրջանակը, ովքեր իրավունք ունեն առաջադրվելու որպես ԲԴԽ անդամի թեկնածու, այդպես չի կարող լինել․ դատավոր Դավիթ Բալայան

Իմ շուրջը ոչինչ չի կատարվում, իմ կարծիքով՝ Դատական դեպարտամենտը կանխորոշել է այն դատավորների շրջանակը, ովքեր իրավունք ունեն առաջադրվելու որպես ԲԴԽ անդամի թեկնածու, ես գտնում եմ, որ այդպես չի կարող լինել։

Այս մասին Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Բալայանը։

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, Դավիթ Բալայանն ասաց․ «Կփորձեմ դատավորներին տեղ հասցնել այն հիմքը, որով դիմել էի դատարան»,-ասաց Դավիթ Բալայանը, ով  պնդում է՝ խախտվել է իր՝ ԲԴԽ անդամ ընտրվելու իրավունքը և հուլիսի 6-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ պահանջելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ ԲԴԽ անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և որպես հետևանք՝ ԲԴԽ անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին, իսկ Դատարանը, այդուհանդերձ, մերժել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը։


Հարցին, թե հիմա մասնակցելո՞ւ է ԲԴԽ անդամի քվեարկությանը, եթե մասամբ ծանուցմանը դեմ է, Բալայանն ասաց, որ քվեարկությունից առաջ այդ մասին չի խոսի։ 


Ինչ վերաբերում է իշխանությանը հնազադ և ոչ հնազանդ դատավորների նկատմամբ իշխանության մոտեցումներին, դատավոր Բալայանն ասաց․«Դատավորը պետք է հնազանդ լինի օրենքին ու մարդկային բարոյականությանը, իմ կարծիքն է դա»։

Դիտարկմանը՝ թե ինքը տպավորություն ունի՞, որ իշանութանը ոչ հնազանդները հեռացնում են դատական համակարգից, Դավիթ Բալայանն ասաց․ «Ես գտնում եմ, որ պարոն Դավիթ Հարությունյանն անարդար կերպով է հեռացվել դատական համակարգից»։ 


Հարցին, թե Գրիգոր Մինասյանը Կարեն Անդրեասյանի ի՞նչն է, Դավիթ Բալայանն ասաց․« Գործընկերը, այդպես չէի՞ն ասում, երբ այդպես գիտեմ»։ 

Հարցին,թե ասում էին՝ նախկինում դատավորները զանգեր էին ստանում, հիմա զանգեր, նամակներ կա՞ն, Դավիթ Բալայանն ասաց․ «Հավատացեք, ես զանգեր չեմ ստանում, ոչ նախկինում, ոչ հիմա»։

 

Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ, որի ընտրության օրակարգով Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով 2023թ հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Բայց, կրկին ծանուցումներ չեն ստացել Երևանի քրեական դատարանի դատավորները, նախորդ՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ևս Դատական դեպարտամենտը ծանուցագրեր ուղարկել էր միայն Սնանկության դատարանի դատավորներին։