Տենդենց է գնում, որ ուզում են ցույց տալ, թե Բարձրագույն դատական խորհրդին քննադատել չի կարելի․ «Հիմա հարց է առաջանում՝ եթե գովել կարելի է, քննադատել ինչու՞ չի կարելի։ Ի վերջո, այդ դատարանը, որը ԲԴԽ-ն երբեմն հանդես է գալիս, դա մեզ համար է, դատավորներիս համար է, որ մեր դատավարություններն ընթանան արդար, և ոչ թե ԲԴԽ-ի ու ԲԴԽ անդամների համար, որ իրենց այդ անվան տակ ոչ մի քննադատական խոսք չասվի։ Ի վերջո, ԲԴԽ-ն սրբավայր չէ, և այնտեղ աշխատող մարդիկ էլ սուրբ չեն, միգուցե լինեն մեջները սուրբ մարդիկ, ամեն դեպքում մենք իրենց այդպես չենք ընկալում, մենք ընկալում ենք նրանց որպես ԲԴԽ անդամներ։ Իսկ ո՞վ է գնահատական տալու ԲԴԽ-ին․ չխոսենք որպես դատարան, չխոսենք, որպես առանձին անձինք, գործունեությանը ո՞վ է գնահատական տալու։ Եթե ես, մենք ընտրել ենք ԲԴԽ գոնե դատավոր անդամներին, բա ո՞ւմ են իրենք հաշվետու, ըստ իս՝ ինչպես ԱԺ-ն իրենց ընտրողներին է հաշվետու, իրենք էլ մեզ են հաշվետու։ Եթե մենք տեսնում ենք թերացումներ, եթե անգամ մեր դժգոհություններն արդարացված չեն, ում դիմենք։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։
Ինչ վերաբերում է թիրախավորումներին ու ճշնումներին, դատավորն ասաց․ «Իմ վրա ուղիղ ճնշումներ չկան, բայց եթե մեկ օրվա մեջ չորս դատավորի լիազորություն է դադարեցվում, կարծում եմ, եթե ինչ-որ համարձակություն պակասի իրենց մոտ, ու պետք էլ չի, որ դատավորները լինեն համաձակ, որովհետև դատավոր չեն ընտրվում համարձակ լինելու համար, եթե պակասի, ապա բոլորն էլ ունենալու են մտավախություն, որ կարող է ԲԴԽ-ի կողմից իրենց համար ոչ ցանկալի որոշումներ կայացվեն»։
Հարցին, թե ԲԴԽ անդամի թափուր տեղի համար միայն մարզերի դատարանների դատավորներին ծանուցելն արդյո՞ք իրեն չի մտահոգում դատավոր Ռշտունին ասաց․ «Իհարկե մտահոգում է, իհարկե այդ հարցը կփորձենք քննարկել և լուծում ստանալ Դատավորների ընդհանուր ժողովում, որովհետև իմ գնահատմամբ, Երևան քաղաքի դատավորները պետք է ծանուցվեին»։
Հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների՝ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ դատարանի դատավորներին կանչել է ԲԴԽ, հանդիպել է, ինքը չի մասնակցել, բայց իր կոլեգաներից ճշտել է այդ հանդիպման մասին, Վազգեն Ռշտունին նախ ասաց, թե ի՞նչ գիտեն, որ չի մասնակցել, այնուհետև հաստատեց, որ նման հանդիպման չի մասնակցել, և ասաց․«Իմ կոլեգաներին տվեք այդ հարցը, խնդրում եմ, տվեք նրանց, ովքեր, ըստ մամուլի, մասնակցել են»։
Դիտարկմանը, թե Վերաքննիչի համար են նախագահ ընտրում, իրեն հետաքրքիր չի՞ այդ հանգամանքը, Ռշտունին ասաց․ «Ես շատ ուրախ եմ, որ մեր դատարանի նախագահը պարոն Պապոյանն է, բայց, կարծում եմ, ում էլ ընտրեն մեր դատարանի նախագահ, իմ կարգավիճակում և իմ գործունեության մեջ ոչինչ չի փոխվելու»։
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ, որի ընտրության օրակարգով Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով 2023թ հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Բայց, կրկին ծանուցումներ չեն ստացել Երևանի քրեական դատարանի դատավորները, նախորդ՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ևս Դատական դեպարտամենտը ծանուցագրեր ուղարկել էր միայն Սնանկության դատարանի դատավորներին։