Սխալ է Բարձրագույն դատական խորհրդի թափուր տեղի համար ծանուցում ուղարկել միայն մարզերի դատարանների դատավորերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ԲԴԽ անդամի թափուր տեղի համար Երևան քաղաքի դատավորները չեն ծանուցվել։ Նա նշեց, որ իրենք Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ այդ հարցը կբարձրացնեն՝ փորձելով հասկանալ, թե հնարավո՞ր է այս ընտրությունը հետաձգել, որ տեսնեն՝ Դավիթ Բալայանի հայցի հետ կապված ինչ է ասում Վարչական դատարանը։
Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե ինքը վախենո՞ւմ է կամ կաշկանդվա՞ծ է լրատվամիջոցների առջև իր կարծիքը ազատ արտահայտելուց՝ մտածելով, որ իր նկատմամբ էլ կարգապահական վարույթ կհարուցեն, ինչպես եղավ դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ «Ես ընդհանրապես չեմ վախենում, էստեղ վախենալը և խելամիտ լինելը պետք է իրարից տարանջատենք։ Այո, ես կարող եմ կանգնել խոսել այն ամենը, ինչ որ իրականում ես մտածում եմ, բայց դա, իմ կարծիքով, խելամտություն չի լինի՝ հասկանալով, թե ինչեր տեղի ունեցավ, երբ որոշ դատավորներ փորձեցին իրենց կարծիքը, իրենց դիրքորոշումն արտահայտել, և տեսանք, թե նրանց նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդում ինչ գործընթացներ սկսվեցին։ Հիմա ես չեմ ուզում այդ հնրավարությունը տալ որևէ մեկին, որ այդ գործընթացը սկսվի՝ ինչքան էլ մեծ ցանկություն ունենամ որոշ հանգամանքների ճիշտ գնահատական տալու համար»,-ասաց Արման Հովհաննիսյանը։
Անդրադառնալով դատական համակարգում և ԲԴԽ-ի, ԲԴԽ նախագահի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին և Կարեն Անդրեասյանի կողմից ստվերային նախագահ ընտրելու փորձին՝ Հովհաննիսյանն ասաց, որ իր համար մտահոգիչ են այդ իրադարձությունները նույն այդ ստվերային դատարանի նախագահի մասով ւս։ «Անկեղծ եմ ասում, ես որ լսեցի դա, չէի հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ և շատ զարմացա, որ եթե նման բան տեղի է ունեցել, եթե իրականում տեղի է ունեցել, դա մեր համակարգի հեղինակության հարցն է»,-ասաց նա։
Արման Հովհաննիսյանն ասաց, որ իր համար մտահոգիչ է մեկ օրում չորս դատավորի լիազորության կասեցումը, ինչ վերաբերում է իչեն առաջխաղացման ցուցակից հանելուն, դատավորն ասաց․ «Ինձ առաջխաղացման ցանկից հանելու որոշումը,չեմ հեգնում, ինձ թվաց, թե ինչ-որ բանի քաղվածք է»։
Մանրամասն՝ տեսանյութում․