Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Սուրեն Մնոյանն ասաց, որ ցանկանում էր ընտրվել ԲԴԽ անդամ, որպեսզի ներկայացնի առաջին ատյանի դատարանի խնդիրները, այդ թվում մարզային։ Եթե նորից առաջադրի իր թեկնածությունը, ապա օրակարգը կբարձրաձայնի։
Նշենք, որ նա հարցազրույցի պահին այլևս թեկանծու չէր, որովհետև Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չէր հաստատվել և նիստը չէր կայացել։
Հարցին, թե այս պահի դրությամբ դատավորները մի շարք հարցեր են բարձրացնում, ասում են, որ իրենց խոսքի ազատությունն է սահմանափակ և այլն, ինքը նման խնդիրներ տեսնո՞ւմ է այս պահին, Մնոյանն ասաց, որ այդ հարցին դեռ չի պատասխանի, որպեսզի իր մոտեցումը չդիտվի կանխակալ։
Հարցին, թե փաստ է, որ հիմա միայն մարզերի դատավորներն են ծանուցվել, դա նորմա՞լ է համարում, Մնոյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է Դատական դեպարտամենտը որոշի, թե ում ծանուցի, այլ կարծում եմ, որ դատավորները պետք է որոշեն, ժողովը պետք է որոշի։ Ես թեկնածու եմ եղել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ առաջին ատյանի բոլոր դատավորները պետք է ծանուցվեին, որոնք օրենքով իրավունք ունեին մասնակցել ԲԴԽ անդամի ընտրություններին։ Իսկ ժողովը, դատավորները կորոծեին, թե ինչպես վարվել»։
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ, որի ընտրության օրակարգով Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով 2023թ հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Բայց, կրկին ծանուցումներ չեն ստացել Երևանի քրեական դատարանի դատավորները, նախորդ՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ևս Դատական դեպարտամենտը ծանուցագրեր ուղարկել էր միայն Սնանկության դատարանի դատավորներին։