«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով և իր տեսածն ու լսածը հայտնել քննիչ հանձնաժողովին։
Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները բացատրել են դատարանին, որ քննիչ հանձնաժողովում քննվում է պետության համար կարևորագույն հարց, ու թեև նախադեպ չկա, ամեն դեպքում, Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսքը կարող է լինել նոր քննության առարկա, և նրա ներկայանալը հանձնաժողով խիստ անհրաժեշտ է։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը հայտնվել է բարդ իրավիճակում: Դատավորները քննարկում են այն իրավիճակը, որ չկա որևէ ընթացակարգ, որը հիմք ընդունելով՝ դատարանը թույլ տա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից հանել և տանել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու:
«Ավելին` դատական համակարգում առաջ են քաշել այն հարցը, որ սովորաբար կալանավորին թույլ են տալիս դուրս գալ բանտից, երբ հարազատ մարդ է մահանում, կամ որևէ քրեական գործով կալանավորին կանչում են հարցաքննության, քրեական վարույթով հույժ կարեւոր ցուցմունք տալու»։
Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որ Դավիթ Տոնոյանը միջնորդել է թույլ տալ իրեն մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, որի մասով չկա որևէ ընթացակարգ, ուստի դատական համակարգը չգիտի, թե ինչպես այս հարցին մոտենալ:
Եվ, ահա, հրահանգով որոշվել է Տոնոյանին թույլատրել ներկայանալ խորհրդարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։