Սույն թվականի մայիսի 25-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 28-ից հուլիսի 5-ը Վանկուվեր (Կանադա) էին գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը, որոնք իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորներ են, և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպություննեի բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը։
ԱԺ աշխատակազմի՝ Hayastan.news-ին ուղարկած տվյալների համաձայն` վեց հոգանոց պատվիրակության յոթօրյա ուղևորության համար ծախսվել է 5 մլն 430 հազար դրամ՝ որպես ավիատոմսի գումար, և 6 մլն 442 հազար 260 դրամ՝ գիշերակացի գումար։ Ընդ որում, այս թվի մեջ ներառված չէ նաև օրապահիկը, որը, համաձայն կառավարության հրապարակած համապատասխան որոշման ցանկի, կոնկրետ Վանկուվերի դեպքում մեկ օրվա համար կազմում է 112 դոլար։ Այսինքն՝ վեց հոգու համար յոթ օր Կանադայի Վանկուվեր քաղաքում մնալու համար որպես օրապահիկ պետբյուջեից վճարվել է նաև 4704 դոլար կամ մոտ 1 մլն 800 հազար դրամ։
Ընդհանուր ստացվում է մոտ 13,5 մլն դրամ, մի բան էլ՝ ավելի։ Սա վերջին վեց ամսում Ազգային ժողովից բյուջեի վրա ամենաթանկը արժեցած օտարերկրյա գործուղումներից մեկն է։
Բայց այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանական և ընդդիմադիր պատգամավորներից բաղկացած պատվիրակության՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում յոթ օր գիշերելու համար վճարվել է շատ ավելին, քան սահմանված է կառավարության որոշմամբ։ Այսպես, համաձայն կառավարության հրապարակած ցանկի՝ Վանկուվերում մեկ օր հյուրանոցում գիշերելու համար գործուղվող պաշտոնյային պետբյուջեից պետք է վճարվի 223 դոլար։ Վեց հոգանոց կազմով յոթ օր գիշերելու գումարը, օրենքով նախատեսված կարգով, պետք է կազմեր 9366 դոլար կամ մոտ 3 մլն 600 հազար դրամից ավելի՝ կախված օրվա կուրսից։ Բայց Ազգային ժողովից մեզ ուղարկած տվյալների համաձայն՝ իրենք Վանկուվեր գործուղված պատվիրակության անդամների գիշերակացի համար պետական բյուջեի միջոցներից վճարել են 6 մլն 442 հազար 260 դրամ, այսինքն՝ շուրջ 3 մլն դրամ ավել կամ կրկնակի թանկ կառավարության որոշմամբ նախատեսված գումարից։ Սա նշանակում է, որ պատվիրակության անդամների կամ նրա մի մասի համար ԱԺ աշխատակազմը առնվազ կրկնակի թանկ հյուրանոցային համարներ է ամրագրել, ինչն օրենքի խախտում է և պետական բյուջեի միջոցների մսխում՝ անձնական հաճույքների և հարմարավետության համար։
Հիշեցնենք, որ Սարգիս Խանդանյանը պատգամավոր դառնալուց առաջ լրագրող էր «Սիվիլնեթում», որտեղ «Քո գրպանից» խորագիրը կրող մի շարք էր անում, որով ներկայացնում էր, թե մեր վճարած հարկերի հաշվին, այսինքն՝ հպարտ քաղաքացիների գրպանից որքան գումար էին նախորդ իշխանությունները վճարում այս կամ այն պատգամավորի կամ չինովնիկի թանկարժեք գործուղումների, ծառայողական ավտոմեքենաների և այլ ներկայացուցչական ծախսերի համար։ Ու դա նա ներկայացնում էր քննադատական տեսանկյունից, որ մսծխում են մեր վճարած հարկերից գոյացած բյուջեն իշխանականների ծառայողական հաճույքների համար։ Հիմա պետական բյուջեն մսխվում է այդ արատավոր երևույթին ժամանակին դեմ արտահայտված Սարգիս Խանդանյանի, նրա իշխանական, երբեմն էլ ընդդիմադիր գործընկերների ճամփորդական հաճույքների վրա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ