Հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ։
Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ։
Եվ օգտվելով այս առիթից՝ կցանկանայի ընդգծել մեր գործընկերների միջնորդությամբ և օժանդակությամբ իրականացվող բանակցությունների կարևորությունը։ Մենք բարձր ենք գնահատում նրանց ջանքերն ու նվիրվածությունը խաղաղության օրակարգին և մեր տարածաշրջանի առավել լավ ապագային:
Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է, և այն հնարավոր կլինի, եթե կողմերը ցուցաբերեն առավելագույն պատրաստակամություն՝ հասցեագրելու հակամարտության հիմնական պատճառները։ Այս առումով առանցքային է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրը։
Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն»։