Ադրբեջանն, իբր, հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, բայց, մյուս կողմից, 221 օր ահաբեկչական շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչների, իսկ 36 օր` լիակատար շրջափակման մեջ՝ զրկված բոլոր տեսակի պաշարներից, նույնիսկ հումանիտար բեռներից։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա նաև նշել է. «Այդ քայլով ադրբեջանական բռնապետական ռեժիմը փորձում է «մաքրել» իր մեղքերը և գնել «մարդասիրական» ինդուլգենցիա Արևմուտքից, մյուս կողմից՝ ճիշտ պահին հերթական դեմարշը անում Ռուսաստանի նկատմամբ։
Բերեմ մեկ այլ ցավալի օրինակ. ամբողջ աշխարհը աղմկում է «Հացահատիկային գործարքի» մի քանի օր կասեցման մասին՝ անտեսելով այն փաստը, որ ֆաշիստական Ադրբեջանը սովամահ է անում 120 հազար մարդու՝ թույլ չտալով 36 օր սնունդ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնել Արցախ։
Իմ հիմնական եզրակացությունը պարզ մարդկային ցավն է, որ Արցախի բնիկ ժողովուրդը աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի զոհ է դառնում, այդ թվում՝ իբր ժողովրդավարական և արժեքային երկրներից։ Ամեն դեպքում փնտրողը գտնում է, իսկ կռվողը հասնում է նպատակին»։