Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներն անցկացնելու են սահմանի տարբեր հատվածներում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հայտնել ենք, որ հուլիսի 12-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին` ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում, տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի 4-րդ հանդիպումը։
Կողմերը որպես հերթական հանդիպման կազմակերպման վայր միմյանց առաջարկել էին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի տարբեր հատվածներ։ Արդյունքում փոխադարձ համաձայնությամբ որոշում է կայացվել հանդիպումը կազմակերպել պետական սահմանի Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում:
«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել պետական սահմանի տարբեր հատվածներում», - ասել են գրասենյակից։
Բացի այդ, գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվաչապետների հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների այլ անդամներ, սակայն կոնկրետ անուններ չեն նշել։