Հետևեք մեզ։

«Կողք-կողքի, հարևանությամբ ապրելու» մասին միտքս վերաբերում էր աղվաններին, թալիշներին, լեզգիներին, քրդերին, ուդիներին, թաթերին, ցախուրներին. Արցախի ԱԺ նախագահ

13:51, 21 հուլիս 2023
«Կողք-կողքի, հարևանությամբ ապրելու» մասին միտքս վերաբերում էր աղվաններին, թալիշներին, լեզգիներին, քրդերին, ուդիներին, թաթերին, ցախուրներին. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մեկնաբանել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին ուղղված իր ուղերձը։

«2023 թվականի հուլիսի 21-ին ուղերձով դիմել եմ Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին, որտեղ հնչեցրած «հազարամյակներ շարունակ ապրել ենք կողք-կողքի» արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Հստակեցնելու համար ընդգծում եմ, որ տարածքում, որտեղ 20-րդ դարի 30-ական թթ-ին ձևավորվել է Ադրբեջանի Հանրապետությունը, 1000-ամյակներով ապրել և ապրում են տարբեր ազգություններ՝ աղվաններ, թալիշներ, լեզգիներ, քրդեր, ուդիներ, թաթեր, ցախուրներ և այլք:

Գաղտնիք չէ, որ ազգային փոքրամասնությունները միշտ էլ ճնշվել են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի կողմից: Հենց այդ պատճառով էլ  2020 թվականի պատերազմի ժամանակ, կոչով դիմել էի բոլոր այդ ազգ-ազգություններին, որ զերծ մնան Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց, որ կարող են սպիտակ դրոշով անցնել մեր կողմը, ու մենք կապահովենք նրանց անվտանգությունը՝ ընդհուպ տեղափոխելով երրորդ երկիր:

«Կողք-կողքի, հարևանությամբ ապրելու» մասին միտքս վերաբերում էր այդ ժողովուրդներին:


Ուղերձի շեշտադրումները պատմական ու իրադարձային հենք ունեն», - մեկնաբանել է նա։

Նշենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել էր Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին։ Ուղերձում մասնավորապես նշել էր. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով»: