Հետևեք մեզ։

ՄԻՊ-ը՝ սուբյեկտիվ գործիք

13:58, 21 հուլիս 2023
ՄԻՊ-ը՝ սուբյեկտիվ գործիք

Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը հաղորդագրություն է տարածել, որ Քննչական կոմիտեի շենքից քաղաքացու ցած նետվելու դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։

Առաջին հայացքից ամեն ինչ լավ է՝ ՄԻՊ-ը տարածված տեղեկություններից իմացել է, որ Քննչական կոմիտեի շենքում մարդ է մահացել ու դեպքը դարձրել է քննարկման առարկա։ Բայց ոչ, Անահիտ Մանասյանն այժմ արդեն նույնիսկ իր լավ արարքներով ապացուցում է, որ ինքը ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանն է, այլ գործող վարչակազմի գործիքը, մեկը, ով չի էլ ամաչում սուբյեկտիվ լինել, ով բացահայտ կույր է, երբ իրավունքի ենթադրյալ ոտնահարումը կապված է իրեն նշանակած քաղաքական ուժի հետ։
 
Անահիտ Մանասյանը տարածված լուրերից այդպես էլ չլսեց իր քաղաքական քավորների հայհոյանքները, սպառնալիքները, ականջ կտրելը, նրանց կատարած հանցանքների մասին լուրերը, քաղաքացու դեմքին թքելը, երբ անգամ թքողը ներողություն էր խնդրել, ու գոնե քննարկման ընթացակարգ չսկսեց՝ պարզելու համար մարդու իրավունքի խախտում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Նա այդ դեպքերում կամ լուռ է, կամ զբաղված է մշակույթի մասին դատարկաբանություններ խոսելով։
 
Իսկ այստեղ Մանասյանը ոչ միայն թոզ փչելու առիթ ունի, այլ նաև հատուկ շահ՝ քաղաքացին նետվել է Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցի վարչական շենքից, իսկ նա ՄԻՊ-ին ղեկավարող Աննա Վարդապետյանի թշնամին է և սա լավ առիթ է դրսևորվելու։ 
 
Անահիտ Մանասյանը ՄԻՊ նշանակվելուց հետո այն աստիճան է իրեն հեռու պահել մարդու իրավունքներից, հավասարությունից ու օբյեկտիվությունից, որ կոնկրետ դեպքում իր ցանկացած, նույնիսկ՝ լավ արարքով հիշեցնում է, որ նմանատիպ այլ իրավիճակում նույն կերպ չի վարվել ու ցույց տալիս, որ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանն է, այլ վախեցած խաղալիք՝ իրեն նշանակողների ձեռքին։
 
 
 
Բեթղեհեմ Արաբյան