Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերածվել է քաղաքական կառույցի, որից լեգիտիմ ընտրություններ ակնկալել չի կարելի։ Այս մասին «Իշխանազավթում տեղական ընտրություններով 2018-2023 թվականներ» թեմայով հրավիրված ասուլիսում ասաց հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ներկայացնելով փաստեր նաև ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի կենսագրությունից։
«Մինչև 2018 թվականը նա ինչ-որ տեղ սովորել է, բայց ոչ մի տեղ չի ավարտել։ Հովակիմյանը սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում 1991-1993 թականներին ու չի ավարտել, 1996-2000 թթ. սովորել է փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում, չի ավարտել։ Միակ ուսումնական հաստատությունը, որն ավարտել է Վահագն Հովակիմյանը, եղել է 47 տարեկան հասկանում՝ 2021 թվականին, երբ ԱԺ պատգամավոր էր։ Ավարտել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բակալավրիատը»,-ասաց նա։
Ըստ նրա՝ ԿԸՀ նախագահի աշխատանքային գործունեությունն ուղիղ կապված է Նիկոլ Փաշինյանի հետ՝ «Հայկական ժամանակ»-ից՝ մինչև ԱԺ:
Բացի այդ, անդրադառնալով Հովակիմյանի հայտարարությանը, որ «Կուսակցության կանոնադրության՝ օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում ԿԸՀ-ն կարող է չգրանցել վերջիններիս՝ ընտրությունների մասնակցության դիմումը»՝ Ղազարյանը տեղեկացրեց, որ կուսակցության գործունեության սահմանափակում կարող է կիրառել միայն Սահմանադրական դատարանը։
«Պարզվում է, որ Վահագն Հովակիմյանը կարող է հանկարծ ՀՅԴ-ին թույլ չտա մասնակցել, որովհետև «ձեր անվան մեջ «Յեղափոխական» բառն այլ ուղղագրությամբ է գրված, ո՛չ ինչպես արևելահայերենում»» ,- ասաց նա։