Աշխարհահռչակ DJ Մարտին Գարիքսի համերգը, որ պետք է տեղի ունենար այս տարվա հուլիսի 28-ին` Երևանում, հետաձգվել է։ Այս մասին երեկ հայտարարություն տարածեց համերգի կազմակերպիչ «Հայա» ընկերությունը։ Հայտարարության մեջ նշված է, որ պատճառած անհարմարության համար բոլոր տոմս ձեռք բերած անձանց տրամադրվում են հավելյալ արտոնություններ։ Թե երբ տեղի կունենա համերգը, դեռ հայտնի չէ։
«Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում էին համերգն անցկացնել Հրազդան մարզադաշտում, բայց պարզվեց՝ այնտեղ չի լինի, քանի որ այդ մարզադաշտը մի շարք պատճառներով դառնում է անհարմար այս համերգի համար, և Գարիքսի համերգի տոմս գնածների մեծամասնությունը արտերկրից են, որ գալու են Երևան։
«Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ու շատերը չեն կարողանում տոմս գնել, որովհետև հյուրանոցում տեղ չկա կամ աննորմալ թանկ են էս հուլիս-օգոստոս ամիսների համար․ սարսափելի է հյուրանոցների հարցը հիմա։Գարիքսի համերգը շատ մեծ համերգ է, մենք որոշեցինք մենեջմենթի հետ, քննարկեցինք, որ այն հետաձգենք։ Երբ իր՝ ասիական շրջագայությունը մեկնարկի,Երևանի համար նոր ամսաթիվը կասի։ Նաև հանդիսատեսի շահերից է բխում այդ հետաձգումը, որովհետև մենք մի հարթակ նայեցինք մեկ այլ տեղ, բայց այնտեղ էլ ուրիշ խնդիրներ կային։ Մի խոսքով՝ մենք հիմա փոխում ենք և՛ օրը, և՛ վայրը, որ նավայելի այդ շոուն, և այն 10-15 հազար տուրիստները, որ գալիս են Հայաստան հենց այդ համերգի համար, նաև կարողանան իրենց կեցության հարցերը լուծել»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը՝ նշելով, որ կարող է իրենք կեմփինգի տարբերակն առաջարկեն, որ միանգամից համերգից հետո վրաններում գիշերեն հյուրերը։
Հարցին՝ այդ ամենը նախապես չէի՞ն կանխատեսել, որ այսօր նման խնդրի առջև չկանգնեին, Սոնա Հովհաննիսյանն ասաց՝ նախապես ոչ ոք չի կարող իմանալ՝ ինչքան մարդ կգա․ «Երկու շաբաթ առաջ սկսեց պարզ դառնալ ընդհանուր աշխարհագրությունը եկողների և ստադիոնի հետ խնդիրները, ու հիմա հետաձգելն ամենաճիշտ տարբերակն է, որպեսզի հանդիսատեսն էլ ճիշտ ընկալի համերգը, իր համար էլ ճիշտ լինի, և մենք կարողանանք կեմպինգի գաղափարը կյանքի կոչել, որ մարդիկ մնան հենց վրաններում, համերգի վայրում»։
Հարցին՝ Մարտին Գարիքսի համերգն ավելի մասշտաբայի՞ն է լինելու, քան 50 Cent-ի համերգն էր՝ դարձյալ Հրազդան մարզադաշտում, «Հայա» փառատոնի հիմնադիրն ասաց․ «Իհարկե, տասն անգամ ավելի մասշտաբային է լինելու։ Ես շոուի տեխնիկական ծանրաբեռնվածությունը նկատի ունեմ, ես հայտնիությամբ չեմ համեմատում նրան 50 Cent-ի հետ»։
Նրա խոսքով՝ իրենք Մարտին Գարիքսի համերգին սպասում են 20 հազար մարդ, մինչդեռ «Հայա» փառատոնի անցյալ տարվա երեք համերգներին միասին՝ եղել է 20 հազար մարդ, որի մոտ 70 տոկոսը եղել է 50 Cent-ի համերգին։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ