Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ֆրանս-պրես գործակալությանը։ Ներկայացնում ենք հարցուպատասխանից հատվածներ։
Agence France-Presse Իրակլի Մետրեվելի – Պարոն վարչապետ, հավատու՞մ եք Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե չհավատայի, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա: Բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում է, որ մենք արդյունքի կհասնենք, որովհետև հասկանալիորեն ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից: Էլ չեմ ասում, որ ընդհանուր առմամբ, մենք վակուումի մեջ չենք բանակցում: Կա միջազգային իրադրություն, կա պատմական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են որևէ պահի ի հայտ գալ, քաղաքական իրավիճակներ: Այսինքն՝ այս ամեն ինչը բնականորեն ազդում է պրոցեսի վրա, բայց իհարկե, պրոցեսի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն անմիջական բանակցողները, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը և ես: