Արցախում վիճակը օրհասական է, մեկ հաց գնելու համար ժամերով հերթ ենք կանգնում, որի ընթացքում շատերը արդեն ուշագնաց են լինում։ Սննդի կետերի ցուցափեղկերը լիովին դատարկ են, չեն գործում հասարակական տրանսպորտի մեծ մասը և աղբատար մեքենաները, դեղատները կիսադատարկ են, հղիների և երեխաների մասին էլ չեմ խոսում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի ակտիվիստ Արշակ Աբրահամյանն ու հավելել.
«Այս ամենի ֆոնին ուզում եմ խնդրել ՀՀ և ԱՀ քաղաքական հիմնական դերակատարներին որպեսզի անիմաստ ժամանակ չվատնեն և ամբիոնները չօգտագործեն գեղեցիկ և հնչեղ ելույթների համար, որպեսզի դառնան լրատվականների գլխավոր թեման և հանրահավաքներ չանեն ուղղակի հանրահավաք անելու համար։
Սա իրոք վերջն է, դադարեցրեք ինքնագովազդը և ռեալ քայլեր ձեռնարկեք Արցախը կործանումից փրկելու համար։
Արցախի հասարակ ժողովրդի համար իրավիճակը վատթարանում է ոչ թե օրերի, այլ արդեն ժամերի ընթացքում։
Հայաստանում պետք է ցանկացած գնով կատարել իշխանափոխություն…4 տարի է ասում եք, բայց չեք անում։ Արցախի ժողովուրդը արդեն իր առողջությամբ է վճարում այդ ամենի համար…այս ամենը չի կարող երկար շարունակվել։
Եվ ոչ ոք չի կարող զգալ այն ամենը, ինչ հիմա մենք ենք զգում այստեղ պաշարված լինելով և առանց սննդի։
Ցանկացած գնով հեռացրեք նիկոլին այնպես, ինչպես որ բերել եք իշխանության…»։