Հետևեք մեզ։

Երբ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել, այսօրվա ՀՀԿ-ականները կա՛մ դպրոցում երեխա էին, կա՛մ մանկապարտեզում չոչ էին անում, իսկ Դանիել Իոաննիսյանին կամ ՀԿ-ին դատի ենք տալու․ Գևորգ Պապոյան

13:50, 22 հուլիս 2023
Երբ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել, այսօրվա ՀՀԿ-ականները կա՛մ դպրոցում երեխա էին, կա՛մ մանկապարտեզում չոչ էին անում, իսկ Դանիել Իոաննիսյանին կամ ՀԿ-ին դատի ենք տալու․ Գևորգ Պապոյան

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ FIP.am «Փաստերի ստուգման հարթակի» հետ, կատարել է հետաքննություն, որի սահմաններում FIP-ի լրագրողը, ներկայանալով «ՔՊ գրասենյակից» (որպես ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի օգնական), խոսել է Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալի ու նույն համայնքի 10-ից ավելի գյուղերի ղեկավարների հետ, որոնց մեծ մասը մանրամասն պատմել է, թե ինչպես են ցուցակագրում Երևանի գրանցմամբ Ավինյանի ընտրողներին:

 

Լրատվամիջոցի հրապարակմանը կից ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել էր․ «Խոսակցությունների ձայնագրություններից պարզ է դառնում, որ ցուցակագրումների հրահանգը եկել է ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից՝ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի միջոցով»։

 

Hayastan.news-ը այս թեմայով կապ հաստատեց Գևորգ Պապոյանի հետ՝ հրապարակումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու․

 

-Դրա վերաբերյալ նախ՝ հենց աայդտեղ, այդ վիճակի մասի մեջ, ըստ էության, ապացուցվում է, որ նման բան չի կարող լինել, և բ), չնայած նրան, որ ես նորմալ եմ վերաբերվում, որ մեր կուսակիցները, օրինակ՝ Սպիտակի, Ախուրյանի կամ Գյումրիի, մասնակցեն Երևանի քարզարշավին, բայց ես նման հորդոր չեմ հնչեցրել իմ կուսակիցների մոտ, չնայած նրան, որ ես նորմալ եմ վերաբերվում և կարող է և մի օր հնչեցնեմ նման հորդոր իմ կուսակից ընկերներին, ասեմ՝ պետք է միասին թիմով օգնեն, որ Երևանում նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթի։

 

-Բայց սա վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ չէ։

 

-Չէ, եթե, օրինակ, Սպիտակի համայնքապետը, որ մեր Սպիտակի տարածքային կառույցի ղեկավարն է, գա, ասենք, Երևանում շաբաթ-կիրակի օրերին մասնակցի քարոզարշավին, դա վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ է։ Ես կարծում եմ՝ չէ։

 

- Հրապարակման իմաստն այն էր, որ Դուք հորդորել եք, որ․․․

 

-Չէ, ես ոչ ոքի ոչ մի բան չեմ հորդորել, դա բացարձակ սուտ է, իրենք պարզապես իմ անունից են զանգել, որպեսզի ավելի վստահելի լինի իրենց խոսքը։

 

-Դանիել Իոաննիսյանը գրել է, որ խոսակցությունների ձայնագրություններից պարզ է դառնում, որ ցուցակագրումների հրահանգը եկել է ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից՝ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի միջոցով։

 

-Դրա համար էլ մենք դիմելու ենք դատարան, որովհետև այդ եզրակացությունը իմ և կուսակցության համբավին վնաս է հասցնում, և այդ կտորով մենք դիմելու ենք դատարան։

 

-Ո՞ւմ դեմ, Դանիել Իոաննիսյանի՞։

 

-Դե, կա՛մ այդ կազմակերպության, կա՛մ Դանիելի, իրավաբաններն աշխատում են այդ հայցի վրա այս պահին։

 

-Դուք կհիշեք, որ Տարոն Մարգարյանի օրոք էլ էր Դանիել Իոաննիսյանն այդպիսի զանգեր է արել, նմանատիպ բացահայտումներ է արել, ինչը, ենթադրում եմ, այդ ժամանակ ողջունվել է Ձեր կողմից։

 

-Այո, ողջունվել է, և հիմա էլ ասում եմ, որ մեր այս դեպքը դրա հետ բացարձակապես կապ չունի։ Նախ իրենք ինչ-որ ցուցակներ են ուզում, բայց պարզվում է, որ ցուցակ չկա, բոլորը զարմանում են՝ ի՞նչ ցուցակ։ Երկրորդը, այն դեպքում ինչ-որ դպրոցների ուսուցիչներ, տնօրեններ էին, այս դեպքում կուսակցականներ են։ Այդ բոլոր մարդիկ մեր կուսակցության անդամ են, տարածքային կառույցի նախագահ են, խորհրդի անդամ են, և այդ մարդիկ իրավունք ունեն, իմ կարծիքով, շաբաթ-կիրակի օրերին, աշխատանքային ժամից հետո զբաղվեն քաղաքական գործունեությամբ։ Համաձայն չե՞ք։

 

-Բայց առնվազն բարոյական տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում, որ Երևանից 100-150 կմ հեռու գտնվող համայնքների ղեկավարներն իրենց բան ու գործը թողնեն ու զբաղվեն Երևանի ընտրություններով։

 

-Չէ, խնդիրը այլ բանի մասին է, մենք մի թիմ ենք և կարող է վերջին օրը հանրահավաք անենք և հրավիրենք՝ մասնակցեն դրան կամ, չգիտեմ, քայլերթ անենք։ Եթե քաղաքական գործունեությւոն է, ես ամեն ինչ համարում եմ և՛ քաղաքական, և՛ իրավական։ Եթե քաղաքական գործունեություն չէ, բնականաբար՝ և՛ բարոյական չէ, և՛ իրավական չէ։

 

-Ի դեպ, համացանցային մեկնաբանություններում հիշում էին, որ Դուք ժամանակին ՀՀԿ անդամ եք եղել, և հիմա նույն բարքերը ՔՊ-ում եք կիրառում։

 

-Ինձ ե՞րբ եք տեսել ՀՀԿ-ում, ժամանակին ՀՀԿ անդամ լինելը ո՞րն է։ Այսօրվա բոլոր ՀՀԿ-ականներից ոչ մեկը չի հիշում կամ մեկ-երկուսն է հիշում ինձ ՀՀԿ-ում, որովհետև երբ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել, այսօրվա ՀՀԿ-ականները կա՛մ դպրոցում երեխա էին, կա՛մ մանկապարտեզում չոչ էին անում։

 

-Բայց եղել եք, չէ՞, ՀՀԿ-ում։

 

-Մի 15 տարի առաջ՝ հա, եղել եմ, և դա թաքցնելու բան չէ։ Ուզում եմ ասել՝ երբ ես դուրս էի գալիս ՀՀԿ-ից, բոլորը մտնում էին։ ՀՀԿ-ի հետ իմ վերջին կոնտակտը, շփումը եղել է երևի թե 2008-2009 թվականներին, դրանից հետո ես երբեք ՀՀԿ գրասենյակ չեմ գնացել։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ