Հետևեք մեզ։

Հռոդոսում հրդեհները չեն դադարում, կրակը հասել է ծով, տեղացիներն ու զբոսաշրջիկները զանգվածաբար տարհանվում են, չվերթները դադարել են (տեսանյութեր, լուսանկարներ)

01:24, 24 հուլիս 2023
Հռոդոսում հրդեհները չեն դադարում, կրակը հասել է ծով, տեղացիներն ու զբոսաշրջիկները զանգվածաբար տարհանվում են, չվերթները դադարել են (տեսանյութեր, լուսանկարներ)

Հունական Հռոդոս կղզում արդեն վեց օր մոլեգնող անտառային հրդեհը հազարավոր մարդկանց ստիպել է շաբաթ օրը լքել տուժած գյուղերն ու լողափերը ցամաքով և ծովով, գրում է Reuters-ը` հղում անելով տեղի իշխանություններին:

 

Հուլիսի 22-ին առափնյա պահպանության նավերը և ավելի քան 30 մասնավոր նավակները տարհանել են առնվազն 2000 մարդու, այդ թվում՝ զբոսաշրջիկների, որոնք տարհանվել են նաև կղզու հարավարևելյան մասում գտնվող Կիոտարի և Լարդոս շրջաններին մոտ գտնվող լողափերից, հայտնում է Sky-ը, նշելով, որ տարհանման աշխատանքները շարունակվում են։

 

Իշխանությունները նաև հորդորել են մոտ 1000 մարդու լքել Պեֆկի, Լինդոս և Կալաթոս գյուղերը, քանի որ կրակը մոտենում է այդ բնակավայրերին, ասել է հրշեջ բրիգադի խոսնակ Վասիլիս Վատրակոգյանիսը:

 

Հույն հրշեջները սլովակ գործընկերների հետ պայքարում են անտառային հրդեհի նոր բռնկումների դեմ, որոնք ահագնացել են ուժեղ քամու պատճառով:

 

«Անցած գիշեր մենք հրդեհաշիջումներ էինք իրականացնում Լաերմա բնակավայրի շրջակայքում, բայց այսօր առավոտյան քամու ուղղության 180 աստիճանի փոփոխությունը օգնեց, որ կրակի տարածքը կիլոմետրերով մեծանա` հասնելով զբոսաշրջային տարածք», - Open TV-ին ասել է  Հռոդոսի փոխքաղաքապետ Կոնստանտինոս Տարասլիասը:

 

Հազարավոր զբոսաշրջիկներ և բնակիչներ, ովքեր փախել են Հռոդոս կղզու անտառային հրդեհներից, կիրակի օրը ապաստան են գտել հյուրանոցներից զատ դպրոցներում և ապաստարաններում:

 

Հազարավոր մարդիկ գիշերել են լողափերում և փողոցներում։

Reuters-ի` հուլիսի 23-ի հրապարակման համաձայն` մեկ գիշերվա ընթացքում տներից ու հյուրանոցներից տարհանվել է մոտ 19 000 մարդ, որովհետև կրակը հասել է հանգստավայրեր։

 

Հրդեհների հետևանքով անտառներում նաև կենդանիներ են անկել։

 

«Ծուխը գալիս էր: Այսպիսով, մենք բոլորս ոտքով ճամփա ընկանք: Ես երեկ այս շոգին քայլեցի 12 մղոն (19 կմ): Դա ինձանից չորս ժամ պահանջեց», - պատմել է բրիտանացի զբոսաշրջիկ Քրիս Ֆրիսթոունը:

Հունաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ TUI-ն և Jet2-ը, որոնք ապահովում են դեպի Հռոդոս զբոսաշրջության մեծ մասը, պլանավորել են 14 կանոնավոր չվերթ Հռոդոսի օդանավակայանից՝ տեղափոխելով մոտ 2700 ուղևորի մինչև տեղական ժամանակով 03։00-ն։

Jet2, TUI և Correndon տուրօպերատորները չեղարկել են Հռոդոս մեկնող թռիչքները։

TUI-ի և Jet2-ի բոլոր թռիչքները դատարկ վայրէջք կկատարեն՝ զբոսաշրջիկներին կղզուց հեռացնելու համար, ասել են համապատասխան նախարարությունից:

Մեկ այլ բրիտանացի զբոսաշրջիկ՝ 58-ամյա Ջոն Բանկրոֆթը, գովաբանել է կղզու բնակիչներին զբոսաշրջիկներին օգնելու համար և ասել, որ ոստիկանությունը հրամայել է Լարդոսում գտնվող Cosmas Maris հյուրանոցի սեփականատիրոջը հյուրերին տարհանել այն բանից հետո, երբ կրակը հասել է մոտակա ծառերին: Սոցցանցերում զբոսաշրջիկների կողմից հրապարակված նկարներն ու տեսանյութերը ցույց են տվել, որ տեղի բնակիչները զբոսաշրջիկներին մեքենաներով տեղափոխել են։

 

Լինդոսում, որը հայտնի է միջնադարյան պատերի մեջ գտնվող հսկայական ժայռի վրա գտնվող ակրոպոլիսով, բոցը այրել է բլուրն ու շենքերը:

Հռոդոսի փոխքաղաքապետ Թանասիս Վիրինիսը կիրակի օրը Mega հեռուստաընկերությանն ասել է, որ 4000-ից 5000 մարդ ժամանակավոր կացարաններում է: