Հետևեք մեզ։

Եթե 30 տարի սպասել են, Խորհրդային Միության ժամանակ 70 տարի սպասել են, թող 3 տարի էլ սպասեն, ի՞նչ ա եղել․ Սուրենավանի համայնքապետը 60 մետր գազի խողովակի համար խորհուրդ է տալիս սպասել

16:14, 24 հուլիս 2023
Եթե 30 տարի սպասել են, Խորհրդային Միության ժամանակ 70 տարի սպասել են, թող 3 տարի էլ սպասեն, ի՞նչ ա եղել․ Սուրենավանի համայնքապետը 60 մետր գազի խողովակի համար խորհուրդ է տալիս սպասել

Սուրենավան համայնքը գազաֆիկացվում է, սակայն, բնակիչներից ոմանք, ինչպես իրենց է տեղեկացվել՝ ծրագրից դուրս են մնում։

Բեմիամին Կիրակոսյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի կենտրոնական փողոցից 60 մետր հեռավորությամբ երկու տուն չի գազաֆիկացվում, որի համար ընդամենը պետք է փոքր չափի 60 մետր խողովակ տրամադրել․ «Համայնքապետը տեղյակ է խնդրին, սակայն ասում է՝ ձեզ դեռ չի հասնում։ Անտրամաբանակ է, որ տան կողքից գազն անցնի, իսկ մենք գազ չունենանք, որովհետև հենց այն փողոցի վրա չէ, որն ուզում են գազաֆիկացնել։ Ասում են՝ ծրագիր է, ծրագիր կազմողը չի եկել, ուրեմն, նայել համայքնը, տեղանքը, որ ճիշտ ծրագիր կազմի»։

Խնդրի առնչությամբ Hayastan.news-ը մեկնաբանություն խնդրեց համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանից։

-Ինչպե՞ս է գազաֆիկացվում համայնքը, ինչո՞ւ ձեր համայնքի բնակչի խնդիրը չեք լուծում, այլ ասում եք, որ երկու տունը դեռ չի գազաֆիկացվի և վերջ։ Մենք տեղեկություններ ունենք, որ գազաֆիկացման ծրագիրը փոփոխվել է նախկինում, եթե այդպես է, ապա դժվա՞ր է հիմա էլ փոփոխել ու այնպես անել, որ բնակիչներն էլ գազ ունենան։ Ո՞րն է պատճառը։

-Ոչ մի փոփոխության ոչ մի բան չի ենթարկվել: Մենք գազաֆիկացնում ենք Սուրենավանի խիտ բնակեցված փողոցը, ծրագիրը այդպես է։ Այդ բնակիչն ուզում է անձնավորի, այսինքն, այն փողոցը, որի վրա գտնվում է  իր տունը, նոր թաղամաս է, ինքը ուզում է  գազաֆիկացվի, եթե  ամեն բնակիչ գա ասի՝ իմ տունն էլ գազաֆիկացրեք, այդպես չի կարող լինել։ Քաղաքապետարանը մշակել է  ծրագիր, այդ ծրագրով բնակեցված փողոցները գազաֆիկացվում են։ Մենք բացատրել ենք, որ սա ծրագիր է, խիտ բնակեցվածն է գազաֆիկացվելու, հետո մյուսները։ Երեք գյուղ ենք գազաֆիկացնում՝ Սուրենավան, Արմաշ, Երասխ, մենք չենք կարող ամբողջը գազաֆիկացնել, երեք տարի տևելու է։  Ֆինանսական հնարավորությունները չի ներում։

-Նախ բնակիչն ասում է, որ նոր թաղամաս չէ, այլ քսան տարվա, և երկրորդ՝ այդ ծրագրով, որին հղում եք անում՝ տրամաբանակա՞ն է 60 մետրանոց խողովակի համար 3 տարի սպասել։

-Կարող է 5 տարի էլ սպասի, եթե 30 տարի սպասել են, Խորհրդային Միության ժամանակ 70 տարի սպասել են, թող 3 տարի էլ սպասեն, ի՞նչ ա եղել։

-Այսինքն, մնում է  անորոշության մեջ, եթե ասում եք՝ 3, 5,30, 70 տարի։ Այդպես շա՞տ բնակարաններ կան։

-Ինչ անորոշություն, թյուրիմացության մեջ եք գցում մարդկանց։

-Դուք եք ասում՝ կարող է 5 տարի, անորոշություն չի՞։

-Բայց դա անորոշություն է, ծրագիր կա երեք տարի։ Այդ տարածքի համար էլ համայնքապետարանը նպատակահարմար չի գտել գազաֆիկացնել։


-Իսկ անձնական խնդիր կա՞ այդ բնակչի հետ։ 

-Ոչ մի անձնական խնդիր, դե եկեք գյուղը մտեք ու տեսեք, դե արեք, տեսեք, մի րոպե, դուք եք անձնավորում։

-Դուք ամեն ինչ խառնում եք, երևի գազաֆիկացումն էլ եք այսպես խառնել, ես հարց եմ տվել, դուք պատասխանեք՝ կա՞, թե ոչ։

-Ես ասում եմ՝ չկա։ Եկեք գյուղ, ձեր հարցի պատասխանը ստացեք, տարածքը տեսեք։


-Ձեզ թվում է անհնա՞ր է գալ Սուրենավան։

-Ձեր ասած՝ 60 մետր, դա կարող է գազի մեր ծառայությունները  տեխպայմանը չտան, որ այդ տարածքը գազաֆիկացվի, որովհետև դա հետադարձ պլանների մեջ է մտնում։ Դա նոր թաղամաս է։

-Բնակիչն ասում է՝ 20 տարվա է։

-Ես չեմ իմանում քանի տարվա տուն է, ընկել է երկրորդ փուլի մեջ։

-Իսկ թիվ կա, թե քանի՞ բաժանորդ է երկրորդ պլանում հայտնվել, քանի՞սն են, որ սպասելու են մինչև երեք տարի։

-Թիվ չեմ կարող ասել, բայց գյուղի մոտավորապես 80 տոկոսն է գազաֆիկացվում։