Հետևեք մեզ։

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է գլոբալ օգուտներ բերել. Փաշինյան. «Արմենպրես»

16:17, 24 հուլիս 2023
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է գլոբալ օգուտներ բերել. Փաշինյան. «Արմենպրես»

Հայաստանը խորապես գնահատում է ԵՄ-ի միջնորդական և օժանդակող ջանքերը, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Սա, ըստ Փաշինյանի, կենսական խնդիր է Ադրբեջանի հետ մեր միջազգային սահմանի մոնիտորինգի, տեղում կայունության բարձրացման և սահմանամերձ շրջաններում ապրողների հետ վստահության ամրապնդման գործում: Սրանք սկզբունքներ են, որոնք առանցքային են Հայաստանի ինքնության համար։ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը գիտակցաբար հետամուտ են եղել քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ պաշտպանելու մարդու իրավունքները, ամրապնդելու օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը և պայքարելու կոռուպցիայի դեմ: Միջազգային վարկանիշային աղյուսակում Հայաստանի առաջընթացը արտացոլում է մեր ձեռքբերումներն ու վճռականությունը, և ԵՄ աջակցությունն այս գործընթացներում շատ գնահատելի է։

«Ժողովրդավարական ապագայի հանդեպ այս անսասան հանձնառությունն օգնեց հայ ժողովրդին դիմանալ դժվար ժամանակներում: Մենք կշարունակենք այդ հանձնառությունը, քանի որ ձգտում ենք կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Հենց հիմա կա նման համաձայնության հասնելու հնարավորությունների պատուհան։ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է այս գործընթացին և նշանակալի քայլեր է ձեռնարկել դրան հասնելու համար։ Այժմ մեզ անհրաժեշտ է Եվրոպայի և գործընկերների աջակցությունն ամբողջ աշխարհում՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը նույնպես կատարի իր պարտավորությունները: Եթե ​հաջողության հասնենք, ապա կայուն խաղաղության համաձայնագիրը կարող է իսկապես գլոբալ օգուտներ բերել»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։