Հուլիսի 12-17-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացված «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանը ճանաչվել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի։ Երգչուհին այսօր Գյումրիում էր, նրան հյուրընկալել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։
Հանդիպմանը ներկա են եղել համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Ողջունելով ներկաներին, Վարդգես Սամսոնյանը նախ շնորհավորել է Մաշա Մնջոյանին փայլուն հաղթանակի առիթով, ապա ավելացրել․ «Շնորհակալություն այս հաղթանակի, ևս մեկ անգամ, Հայաստանի և, մասնավորապես, Գյումրու անունը բարձր պահելու համար։ Հատկապես այս փուլում՝ մեր երկրի համար խիստ կարևոր են նման հաղթանակները։ Մենք մշակութային ներուժ ունեցող ժողովուրդ ենք և պետք է մեր թշնամիներին հաղթենք նաև մշակույթով»։
Ողջունի, շնորհավորանքի և շնորհակալության խոսքով հանդես է եկել նաև Մաշա Մնջոյանը։ Իր խոսքում երգչուհին ընդգծել է, որ հարազատ քաղաքի աջակցությունը մշտապես զգացել է, ինչն անչափ հաճելի է և պարտավորեցնող։
«Սլավյանսկի բազար 2023» ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակի արժանանալու, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում մեր երկրի ու մշակույթի հանրահռչակմանը նպաստելու համար Մաշա Մնջոյանը պարգևատրվել է պատվոգրով, որը երգչուհուն փոխանցել է համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։